Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը ցանկանում է մասնակից դառնալ մատակարարված զենքի որակական հատկանիշների փորձաքննությանը

Pastabanner

  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը ցանկանում է մասնակցել ՀՀ ԶՈՒ համար մատակարարված զենք-զինամթերքի որակական հատկանիշների բուն փորձաքննության կատարմանը: Այս մասին ասվում է Դավիթ Տոնոյանի փաստաբանական խմբի հաղորդագրության մեջ: 

«Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը պահանջելու է իրեն մասնակից դարձնել ՀՀ զինված ուժերի համար մատակարարված զենք-զինամթերքի որակական հատկանիշների բուն փորձաքննության կատարմանը։ 

Ինչպես արդեն հաղորդվել է, փաստաբանական խումբը բոլորովին վերջերս է տեղեկացել, որ 2021 թ. հուլիսին նշանակված փորձաքննությունն անկատար է թողնվել: Փորձաքննության անկատար թողնելն էլ ավելի է խորացնում փաստաբանական խմբի մտահոգությունները առ այն, որ քննությունը կրում է խիստ սուբյեկտիվ բնույթ, և ԱԱԾ-ն խուսափում է դրա իրականացումից, քանի որ արդեն գիտակցում է, որ հայտնվել է փակուղում։

Պնդում ենք, որ անկատար փորձաքննության պայմաններում պարոն Տոնոյանին մեղադրանքների ներկայացումը և նրա կալանավորումը բացարձակապես հիմնազուրկ են:

Պաշտպանության կողմը իրավունք ունի ծանոթանալ նշանակված նոր փորձաքննության որոշմանը և դրա վերաբերյալ անել միջնորդություններ, որոնցից մեկով պահանջելու ենք մեզ մասնակից դարձնել բուն փորձաքննության կատարմանը:

Ինչպես արդեն հայտարարել ենք, պարոն Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական փորձաքննության արդյունքները փաստարկված և անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» և «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին»,- ասված է փաստաբանական խմբի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը կասկածվում են առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 2,2 մլրդ դրամ հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար:

Ձեզ կեհաքրքրի...