ՄԻԵԴ-ը մերժել է Լապշինի գործով Բաքվի բողոքը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը հոկտեմբերի 11-ին, արձագանքելով ադրբեջանական կողմի բողոքին, անփոփոխ է թողել դատարանի մայիսի 20-ի որոշումը, որով Ադրբեջանի իշխանությունները մեղավոր են ճանաչվել Բաքվի բանտում բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինի ապօրինի կալանքի, կտտանքների և մահափորձի համար: Դատարանը Բաքվին պարտավորեցրել էր իսրայելցի բլոգերին վճարել 30 հազար եվրոյի չափով դրամական փոխհատուցում։
«Իհարկե ես ուրախ եմ, որ Ստրասբուրգի դատարանը նման որոշում է կայացրել: ՄԻԵԴ-ը, որպես կանոն, դեպքերի գրեթե 99 %-ում, չի հրաժարվում նախկինում ընդունված որոշումներից»,- ասել է Լապշինը:
Բաքուն նրան մեղադրել է ոչ միայն «երկրի սահմանն առանց Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցնելու հատելու», այլև «անջատողականությանը սատարելու» և «Ադրբեջանում գործող իշխանությունները տապալելու կոչերի» համար: