ՀայՓոստը մինչև 50 տոկոսով իջեցնում է դեպի Եվրոպա ուղարկվող առաքանիների սակագները
Միջազգային ավիափոխադրող ընկերությունների հետ հաջող բանակցությունների շնորհիվ, ՀայՓոստը դեպի Եվրոպական երկրներ 1 կիլոգրամից ավել ծանրոցների համար առաքման սակագները իջեցրել է 50 տոկոսով՝ յուրաքանչյուր հաջորդ կիլոգրամի համար: Իսկ մանր կապոցների առաքման սակագինն իջեցրել է մոտ 25 տոկոս:
«Համաշխարհային Փոստային Միությունը հոկտեմբերի 8-ին տոնում է Փոստի համաշխարհային օրը, որի առթիվ ՀայՓոստը բացեց նոր, հերթական վերաբրենդավորված փոստային բաժանմունքը: Այն տեխնիկապես հագեցած է և ունի մի շարք նորարարություններ, ինչպես հերթերի կարգավորման էլեկտրոնային համակարգ, հանդերձարան, որտեղ հաճախորդը կարող է փորձել առցանց պատվիրված իրերը, բջջային հեռախոսների և աքսեսուարների վաճառք, Wi-Fi հասանելիություն և այլն»:
Նոր փոստային բաժանմունքի պաշտոնական բացմանը մասնակցեցին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը, ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
«Արդիականացումից հետո այսօր վերաբացվում է նորացված այս գեղեցիկ, հարմարավետ, տեխնոլոգիական լուծումներով վերազինված փոստային բաժանմունքը։ Օրը նշանակալի է նաև նրանով, որ այսօր Փոստի համաշխարհային օրն է, ինչի առիթով ուզում եմ սրտանց շնորհավորել ոլորտի բոլոր աշխատակիցներին, մաղթել նորանոր ձեռքբերումներ անչափ կարևոր և պատասխանատու իրենց գործունեությունում։ Այն հետևողական աշխատանքը, որն այսօր իրականացվում է «ՀայՓոստ»-ի աշխատակիցների կողմից, վստահություն է ներշնչում, որ առաջիկայում էլ ավելի կբարձրանա մեր բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը և կընդլայնվի դրանց շրջանակը»,- նշեց ՀՀ ԲՏԱ նախարարը: