Նոր մանրամասներ՝ ԱԺ նախկին պատգամավորի որդուն ծեծի ենթարկելու, ընկերոջը մահացու հրազենային վնասվածք պատճառելու դեպքից. պարզվել է սրճարանի վայրը, որտեղ տեղի է ունեցել վիճաբանությունը և ովքեր են մասնակիցները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժնի քննիչների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է սեպտեմբերի 24-ին Երևան քաղաքի Աբովյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Տավուշի մարզի բնակիչներ՝ 23-ամյա Արման Խաչատրյանին և 24-ամյա Սերգեյ Մելիքյանին հրազենային վնասվածքներ պատճառած ենթադրյալ կասկածյալի, ինչպես նաև վիճաբանության մասնակիցների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սեպտեմբերի 24-ին Աբովյան փողոցում գործող «ԷՎՆ» սրճարանում Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Ֆրեդ Ավետիսյանը, 24-ամյա Գուրգեն Ամրյանը, 24-ամյա Էրիկ Հովակիմյանը, Արմավիրի մարզի բնակիչ՝ 24-ամյա Վանիկ Սախկալյանը, 25-ամյա Ստեփան Սարգսյանը, ում բնակության վայրը պարզվում է, և Երևանի բնակիչ՝ 25-ամյա Նարեկ Կրպեյանը վիճաբանել են Երևանի բնակիչ՝ 26-ամյա Արման Բաղդասարյանի, Ս. Մելիքյանի և Ա. Խաչատրյանի հետ, որը վերածվել է ծեծկռտուքի, ապա շարունակվել Աբովյան փողոցի 5 և 7 հասցեների միջև ընկած հատվածում։ Վիճաբանության ընթացքում Է. Հովակիմյանը իր մոտ եղած դեռևս չպարզված տիպի ատրճանակից կրակել է Ա. Խաչատրյանի ուղղությամբ։ Վերջինս օրեր անց թիվ 1 համալսարանական հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել էր։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ Է. Հովակիմյանին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, սեպտեմբերի 26-ին թիվ 1 Համալսարանական հիվանդանոցում հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակով ընդունված՝ Տավուշի մարզի բնակիչ՝ 23-ամյա Արման Խաչատրյանը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել էր: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 24-ին ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի որդու՝ 24-ամյա Սերգեյ Մելիքյանի հետ: Վերջինս նույնպես վնասվածքներ էր ստացել: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 24-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվայի» հարևանությամբ, կրակոցներ են հնչել, և կան վիրավորներ։
Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի