Էրդողանն իր ուղերձում ընդգծում է, որ հարգում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը. Նիգար Գյոքսել (տեսանյութ)

 

 ՀՀ-ը և Թուրքիան փոխանակվեցին հայտարարություններով հարաբերությունների կարգավորման մասին՝ հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։

Հայ և թուրք վերլուծաբանները քննարկել են հարաբերությունների հետագա ընթացքը Անցած մի քանի շաբաթների ընթացքում Թուրքիայի և Հայաստանի առաջնորդների միջև արձանագրվեց ուղերձների փոխանակում, որն ազդարարում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հերթական փորձի մասին, ասում է «Կովկասյան հրատարակության» հանդեսի խմբագիր, վերլուծաբան Ֆիլիպ Գամաղելյանը հանդեսի կազմակերպած հերթական վեբինարի ընթացքում՝ նվիրված հայ-թուրքական հարաբերություններին:

Գամաղելյանը հիշեցնում է՝ հարաբերությունների կարգավորման այս փորձն առաջինը չէ. նախորդ բոլոր փորձերը, և հատկապես 2009 թ.-ի ՛՛ֆուտբոլային՛՛ դիվանագիտությունը ձախողվել են: Գամաղելյանը մատնանշում է նախորդ և ներկա կարգավորման փորձերի միջև առկա տարբերությունները, որոնցից ամենացայտուն օրինակն է, որ 2009 թ-ին Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորել էր ԼՂ բանակցություններում առաջընթացի հետ, որը, փաստորեն, նշանակում էր հայկական զորքերի դուրսբերում ԼՂ-ի շուրջ ընկած տարածքներից:

՛՛Հաշվի առնելով, որ ուղերձների փոխանակումը նախաձեռնել է, որքան հայտնի է, Թուրքիան, ենթադրաբար, այդ պայմանն այլևս գոյություն չունի՛՛,- նշել է Գամաղելյանը: Վերլուծաբանի մատնանշած այլ տարբերությունների շարքում են ջանքերի ուղիղ, չմիջնորդավորված ձևը ի տարբերություն նախորդ փորձերի, ինչպես նաև երկխոսության թափանցիկ ու հանրային բնույթը: Իր հերթին, International Crisis Group Թուրքիայի ծրագրի ղեկավար, վերլուծաբան Նիգար Գյոքսելը նկատում է՝ կողմերի միջև երկխոսությունը պարունակում է հստակ ուղերձներ:

Ըստ նրա՝ Անկարան իր ուղերձում ընդգծում է, որ հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն ու սպառնալիք չէ Երևանի համար: Միևնույն ժամանակ, ըստ Գյոքսելի, Թուրքիան այսպիսով կարևորում է նաև Ադրբեջանի և իր սեփական տարածքային ամբողջականությունը:

՛՛Չեմ կարծում, որ այն ներկայացված է որպես նախապայման: Դա ավելի շուտ ուղերձ է, որ կարգավորումը չի կարող սեպ խրել Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Չեմ կարծում նաև, որ այս ուղերձն անպայման ուղղված է միայն Երևանին: Այն ուղղված է նաև Բաքվին, Մոսկվային, երկրի ներսում՝ ազգայնականներին՛՛,- նշում է Գյոքսելը: Գյոքսելը գտնում է, որ Անկարան, հաշվի առնելով Ադրբեջանի, Ռուսասատնի, ինչպես նաև ներքաղաքական գործոնները, փորձում է առաջ քաշել տարածաշրջանային ինտեգրման հեռանկարը, որը բխում է Հայաստանի, Թուրքիայի և տարածաշրջանի շահերից: ՛՛Այս մոտեցումը հիմնված է այն գաղափարի վրա, որ Թուրքիան և Հայաստանը կարող են փորձել կարգավորել հարաբերությունները, սակայն թե՛ Ադրբեջանը և թե՛ Ռուսաստանը կարող են խափանել գործընթացն ամեն րոպե, ուստի նրանք ևս պետք է ընդգրկվեն գործընթացում՛՛,- նկատում է Նիգար Գյոքսելը:

Ֆիլիպ Գամաղելյանի կարծիքով էլ Թուրքիայի հետ հարաբերույունների հարցում Հայաստանում առկա բևեռացումը ավելի է բարդացնում գործընթացը, սակայն վերջին ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ գործող իշխանությունները Հայաստանում ստացել են կարճաժամկետ հանրային աջակցություն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Կարգավորումը, սակայն, ինքնին ինքնանպատակ չէ, այլ պետք է լինի շահավետկամ առնվազն ընդունելի հայկական կողմի համար, նկատում է Գամաղելյանը:

“Սա է այն կետը, որտեղ հռետորաբանությունը դառնում է կարևոր: Այն, ինչ ասում է Թուրքիայի ղեկավարությունը և այն իրական նախապայմանները, որոնք առաջ է քաշում Անկարան, չափազանց կարևոր են` որոշելու համար, թե արդյոք Հայաստանի կառավարությունը կարող է շարունակել կարգավորման գործընթացը, թե ոչ:

Այստեղ առկա են “կարմիր գծեր”, որոնց հատումը գործընթացը դարձնում է պարզապես ավելի վտանգավոր և ոչ շահավետ հայկական կողմի համար ինչպես ներքաղաքական, այնպես էլ երկրի անվտանգության տեսանկյունից՛՛,- նշում է Գամաղելյանը: Վերլուծաբանները համակարծիք են Երևանի ու Անկարայի միջև ուղիղ երկխոսության ու կապի անհրաժեշտության հարցում, եթե կողմերը ցանկանում են առաջ շարժվել:

Դրա հետ մեկտեղ չափազանց կարևոր է հաշվի առնել տարածաշրջանային խաղացողների դիրքորոշումներն ու դինամիկան: Նիգար Գյոքսելն էլ հիշեցնում է՝ Թուրքիան ծայրահեղ տարաձայնություններ ունի Հունաստանի հետ բազմաթիվ հարցերում, ներառյալ Կիպրոսի, բայց դա չի նշանակում, որ կողմերը պետք է խզեն դիվանագիտական հարաբերությունները, որոնց առկայությունը, ըստ թուրք վերլուծաբանի, չի նշանակում, որ կողմերը հանգել են համաձայնության յուրաքանչյուր խնդրի կամ դրանց մեծ մասի շուրջ:

Ձեզ կեհաքրքրի...