Սուրեն Պապիկյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը

Despan

 Սեպտեմբերի 23-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Փոխվարչապետը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ վստահություն արտահայտելով, որ արդյունավետ համագործակցությունը շարունակվելու է: Սուրեն Պապիկյանը ՌԴ դեսպանին շնորհավորել է ՌԴ Պետական դումայի ընտրությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք նոր նախադրյալներ են ստեղծում ծրագրերի ու գաղափարների իրականացման համար: Զրույցի ընթացքում շեշտվել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Պետդումայի համագործակցության կարևորությունը՝ հայ-ռուսական հարաբերությունների խորացման և ամրապնդման ուղղությամբ: Նշվել է, որ երկու երկրներում ընտրություններից հետո բացվում է քաղաքական կայունության և որոշակիության շրջափուլ, ինչը կարող է նոր մակարդակի բարձրացնել միջխորհրդարանական համագործակցությունը:
Դեսպան Սերգեյ Կոպիրկինը բարձր է գնահատել Սուրեն Պապիկյանի հետ նախկինում ունեցած համագործակցությունը՝ նկատելով, որ լավ փորձ է կուտակվել, ինչի հիմքով առաջիկա ծրագրերի իրականացման համար լայն նախադրյալներ են ստեղծվել: ՌԴ դեսպանը արտահայտել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ բոլոր ոլորտներում համագործակցություն ծավալելու մասին՝ վստահությամբ, որ դրական արդյունքները երկար սպասել չեն տա:
Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով անվտանգության, պաշտպանության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, նոր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հարցերին: Անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատանքին՝ ընդգծելով դրա նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, ինչպես նաև արժևորելով հանգամանքը, որ երկաթուղու կարողությունների թարմացումը նոր հնարավորություններ է բացում սոցիալ-տնտեսական ու հարակից ոլորտների շղթայական զարգացման համար:
Կողմերը քննարկել են նաև արդյունավետ համագործակցությունն էներգետիկայի բնագավառում: Փոխվարչապետը նկատել է, որ վերջինս Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, և ՀՀ Կառավարության ծրագրի իրականացման համար կենսական է դրա բազմակողմանի զարգացումը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Ռոսատոմի» հետ համագործակցության ընդլայնմանը՝ ինչպես ԱԷԿ-ի նորոգման և արդիականացման ներկայիս աշխատանքներին, այնպես էլ նոր ատոմակայանի կառուցման անհրաժեշտությանն ու հեռանկարներին: Որպես հայ-ռուսական համատեղ գործակցության վերջին թարմ օրինակ՝ հիշատակվել է Հայաստանում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ լայթ» ռուսաստանյան միաբաղադրիչ պատվաստանյութի առաջին խմբաքանակների արտադրության փաստը:
Տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման առնչությամբ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն առանձնացրել է Ռուսաստանի հատուկ և արդյունավետ դերակատարությունը թե՛ եռակողմ ձևաչափի, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Քննարկվել է նաև Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով Ռուսաստանի կարևոր ու կառուցողական դերը լարվածության նվազեցման և ծագող խնդիրներին լուծումներ գտնելու տեսանկյունից:

Ձեզ կեհաքրքրի...