Քրդական ինքնավարության ղեկավարն հանդիպել է ամերիկացի գեներալի հետ
Իրաքի հյուսիսում քրդական ինքնավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին Էրբիլում ընդունել է Իրաքում ԱՄՆ-ի անվտանգության աջակցության գրասենյակի ղեկավար, գեներալ Քիս Ֆիլիփսի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակությունը կազմված է եղել զինվորականներից և դիվանագետներից։
Հանդիպմանը քննարկվել են Իրաքյան Քուրդիստանի զինված ուժերում՝ փեշմերգայում իրականացվող բարեփոխումները, փեշմերգայի, իրաքյան բանակի և կոալիցիոն ուժերի միջև փոխօգնությանն ու համակարգմանը վերաբերող հարցեր, Էրբիլում կոալիցիոն ուժերի դեմ հարձակումները, վերջին անվտանգային և ռազմական զարգացումները, ինչպես նաև Իրաքում և Սիրիայում Իսլամական պետության (ԻՊ) դեմ պայքարը։
Նեչիրվան Բարզանին Իրաքի և տարածաշրջանի կայունության տեսանկյունից կարևորել է ԻՊ-ի պարտությունը։ Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին և կոալիցիային Իրաքում և Քուրդիստանի շրջանում ցուցաբերած օգնության և աջակցության համար, անդրադարձել է փեշմերգայի նախարարությունում իրականացվող բարենորոգումների կարևորությանն ու այդ գործընթացին ԱՄՆ-ի և բարեկամ երկրների մասնակցությանը։
Գեներալ Ֆիլիփսը նշել է, որ ԻՊ-ի վերջնական պարտության համար կողմերի միջև անհրաժեշտ է շարունակել օգնությունն ու համակարգումը։ Նա հայտնել է, որ հետևում և աջակցում են փեշմերգայի նախարարությունում բարեփոխումների ընթացքին։
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Էրբիլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոս Ռոբերտ Փալադինոն։
ermenihaber.am