Ադրբեջանի դպրոցներում նոր ուստարին մեկնարկել է «Ղարաբաղն Ադրբեջան է» դասով
Ադրբեջանում նախօրեին մեկնարկել է նոր ուսումնական տարին։ Սեպտենբերի 22-ից դասերը սկսվել են 1-4-րդ դասարանների աշակերտների համար, սեպտեմբերի 29-ից էլ կմերկնարկեն 5-11-րդ դասարանցիների, ինչպես նաև բուհերի ուսանողների համար։ Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են դպրոցներում հայատյաց քարոզչությունը, երեխաներին դաստիարակում պետական քարոզչական ստերով։ Մասնավորապես, կրթության նախարար Էմին Ամրուլլաևի՝ «2021-2022 ուստարվա հանրակրթության ուղղության մասին» հրամանով Ադրբեջանի բոլոր ուսումնական հաստատություններում առաջին դասերը նվիրված են «Ղարաբաղը Ադրբեջան է» թեմային։ Միաժամանակ, համացանցում տարածվել են տարբեր լուսանկարներ, որոնցում երևում է, որ երեխաները կրում են Արցախյան պատերազմում «Ադրբեջանի հաղթանակը խորհրդանշող հատուկ կրծքանշաններ», ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՀՀ-ի դեմ ուղղված խոսքերն արտացոլող պաստառներ։ Մասնավորապես, լուսանկաներից մեկում աշակերտը պատկերված է «Ոչ թե Սյունիք, այլ Զանգեզուր» գրությամբ պաստառով։ Նշենք, որ նմանատիպ գրությամբ պաստառների ու վահանակների կարելի է հանդիպել Ադրբեջանի տարբեր քաղաքների հանրային վայրերում։ Էմմա Չոբանյան