Աշխարհն անդունդի եզրին է և երբեք ավելի մեծ սպառնալիքի չի ենթարկվել․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ահազանգում է

Gutieresh

 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, կազմակերպության Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանին ելույթ ունենալով աշխարհի առաջնորդների առջև, հայտարարել է, որ աշխարհն անդունդի եզրին է և երբեք ավելի մեծ սպառնալիքի չի ենթարկվել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: «Ես այստեղ եմ՝ ահազանգելու համար, որ աշխարհը պետք է սթափվի։ Մենք կանգնած ենք անդունդի եզրին և սխալ ուղղությամբ ենք շարժվում։ Մեր աշխարհը դեռևս երբեք չի ենթարկվել ավելի մեծ սպառնալիքի ու այսչափ մասնատված չի եղել»,- ասել է Գուտերեշը։ Համաշխարհային կազմակերպության ղեկավարը նշել է, որ միջազգային հանրությունը բախվել է մի շարք ճգնաժամերի, այդ թվում՝ COVID-19-ի, շարունակվող հակամարտությունների, կլիմայի խնդիրների, Աֆղանստանում ու Աֆրիկայի երկրներում քաղաքացիական ցնցումների։ Գուտերեշն առանձնակի շեշտել է «բացահայտ անհավասարությունը» զարգացած և չզարգացած երկրների միջև, ինչպես նաև նրանց միջև համերաշխության բացակայությունն այն ժամանակ, երբ «դա մեզ ամենից շատ է պետք»: «Մի կողմից՝ մենք տեսնում ենք, որ պատվաստանյութերը մշակվում են ռեկորդային ժամկետներում՝ նշելով գիտության և մարդկային հնարամտության հաղթանակը: Մյուս կողմից՝ տեսնում ենք, թե ինչպես է այս հաղթանակը զրոյացվում քաղաքական կամքի, եսասիրության և անվստահության ողբերգական բացակայությամբ: Ավելցուկ՝ որոշ երկրներում։ Դատարկ դարակներ՝ մյուսներում։ Հարուստ աշխարհի մեծ մասը պատվաստված է: Միևնույն ժամանակ, աֆրիկացիների ավելի քան 90%-ը դեռ սպասում է առաջին չափաբաժինը ստանալու հնարավորությանը»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ դիմելով աշխարհի առաջնորդներին:

Ձեզ կեհաքրքրի...