2 նոր հարվածային ԱԹՍ է փորձարկվել ՀՀ ԶՈւ մասնակցությամբ զորավարժության դրվագում . razm info (տեսանյութ)
Ռուսական արտադրության «Ինոխոդեց» և «Ֆորպոստ» հարվածային ԱԹՍ-ներն առաջին անգամ փորձարկվել են որպես կրակի աջակցության միջոցներ ՀՀ ԶՈւ մասնակցությամբ ընթացող «Արևմուտք» զորավարժության ժամանակ։ Դրանք օդից կրակով ուղեկցել են հայկական, բելառուսական և ռուսական մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումների գրոհը։
«Հարձակվող զորքին աջակցելու նպատակով կիրառվել են կառավարվող հրթիռներով հետախուզահարվածային օպերատիվ նշանակության «Ինոխոդեց» և «Ֆորպոստ» թռչող սարքերը»,- «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ նշվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Ռուսական մեդիատիրույթում նաև տարածվում է տեսագրություն, որում պատկերված է «Ֆորպոստ-Ռ» ԱԹՍ-ի մարտական կիրառումը, ենթադրաբար նույն զորավարժության ժամանակ։
Տեսանյութում 007 կողային համարով անօդաչուն երկու զինամթերք է բաց թողնում, որոնք, ինչպես ենթադրում է ԲՄՊԴ մասնագիտացված բլոգը, ուղղորդվող ԿԱԲ-20 ռումբեր են։
«Ֆորպոստ» ԱԹՍ–ներն արտադրում է «Քաղաքացիական ավիացիայի Ուրալյան գործարանը»՝ որպես իսրայելական Searcher Mk II անօդաչուի լիցենզավորված կրկնօրինակ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և գործարանն ունեն բանակին դրանց խմբաքանակի մատակարարման պայմանագիր։ Այն կշռում է մոտ կես տոննա, կարող է մինչև 6000 մետր բարձրության վրա օդում մնալ առավելագույնը 18 ժամ։
Իսկ «Ինոխոդեց» հետախուզահարվածային սարքն արտադրում է «Կրոնշտադտ» ընկերությունը։ Ըստ տվյալների՝ ԱԹՍ-ի առավելագույն թռիչքային զանգվածը 2 տոննա է, կարող է օդում մնալ մինչև 20 ժամ մինչև 7000 մ բարձրության վրա։
«Արևմուտք-2021» զորավարժության հիմնական փուլին ներգրավված են Ռուսաստանի Դաշնության Արևմտյան ռազմական օկրուգի միավորումներն ու զորամասերը, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի զորախմբերը: Հայաստանը զորախաղին մասնակցում է տանկային, մոտոհրաձգային և հրթիռահրետանային ստորաբաժանումներից կազմված գումարտակի կազմով:
razm.info