Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են Volkswagen-ն ու ВАЗ 21012-ը. 5 վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները

Gegharquniqum

 Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են Volkswagen Golf և ВАЗ 21012 ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հաևանությամբ գործող «Մաքս» բենզալցակայանի աշխատակիցները և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները; Օպերատիվ են գործել Գավառի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին, մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը։ Փրկարարները վիրավորներին շտապօգնության ավտոմեքենաներին մոտեցնելուց հետո հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ 

shamshyan.com

Ձեզ կեհաքրքրի...