Ստանիսլավ Զասը բացառել է Աֆղանստան ՀԱՊԿ զորքեր ուղարկելը

Zorq chi ugharki

 Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների քաղաքացիների մտավախությունները՝ Աֆղանստան զինվորականների հնարավոր ուղարկման վերաբերյալ, անհիմն են: Այս մասին օգոստոսի 29-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, գրում է EADaily-ն: «Թակարդ չի՞ դառնա, արդյոք, Աֆղանստանը, արդյո՞ք ստիպված չենք լինի նորից մեր որդիներին այնտեղ ուղարկել: Իհարկե՝ ո՛չ, սրանք բացարձակապես անհիմն մտավախություններ են: ՀԱՊԿ-ը բացառապես պաշտպանական ռազմաքաղաքական կազմակերպություն է: Հավաքական անվտանգության պայմանագրում, մեր կազմակերպության կանոնադրությունում նախատեսված է հավաքական պաշտպանական ուժերի օգտագործումը բացառապես ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, այսինքն՝ մեր երկրների սահմաններում»,- ասել է նա: Զասը նաև նշել է, որ Հավաքական անվտանգության խորհրդի վերջին արտահերթ նիստում քննարկվել է իրավիճակը Աֆղանստանում և մշակվել են մի շարք միջոցառումներ՝ սպառնալիքները նվազագույնի հասցնելու համար: Միաժամանակ, այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աֆղանստանում ստեղծված իրավիճակն ու Դուշանբեում ՀԱՊԿ նիստի ժամանակ բարձրացված հարցերի շուրջ խորհրդակցություններ է անցկացրել հեռախոսով։ Նշվում է, որ Լուկաշենկոն այս թեման մանրամասն քննարկել է Տաջիկստանի նախագահի հետ: Ավելի ուշ զրույց է կայացել Ռուսաստանի, ինչպես նաև Ուզբեկստանի նախագահների հետ: Տաթև Ֆռանգյան

factor.am

Ձեզ կեհաքրքրի...