Ալիևը կրկին հայտարարել է, թե «խորհրդային իշխանությունը Սյունիքն անջատել է Ադրբեջանից և միացրել Հայաստանին»

Absurd

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խեղաթյուրել է պատմական փաստերն ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ ևս մեկ անգամ տարածքային պահանջ ներկայացրել։ Այս անգամ էլ Ադրբեջանի նախագահը հնչեցրել է սեփական երևակայական պատմությունը։ Մասնավորապես, նախօրեին շեհիդների ընտանիքներին ու պատերազմի հաշմանդամներին բնակարանների ու ավտոմեքենաների հանձման արարողության ժամանակ Ալիևը հայտարարել է, թե «Խորհրդային իշխանությունը Զանգեզուրը, որն «իրենց պատմական հողն է», բաժանել է Ադրբեջանից ու միացրել Հայաստանին»։ «Ցավոք, մեր ժողովուրդը երկար տարիներ բախվում է անարդարությունների։ 20-րդ դարի 20-ական թվականներին մեր ժողովրդին հասցվեց երկու մեծ հարված։ Առաջինը՝ 1920 թվականին․ այդ ժամանակ սովետական իշխանությունը Զանգեզուրը բաժանեց Ադրբեջանից, որը մեր պատմական հողն է, ու միացրեց Հայաստանին։ Երկրորդը՝ 1923թ․, երբ մեր տարածքում ստեղծվեց արհեստական միավորում՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը։ Դրա ձևավորման համար չկար ոչ մի հիմք՝ ո՛չ պատմական, ո՛չ աշխարհագրական, ո՛չ տնտեսական։ Ուղղակի մեր հողում ներդրվեց այդ արհեստական մարմինը, որպեսզի այն մնա որպես կենդանի ռումբ, որը պայթելու է ճիշտ ժամանակին»,- ասել է Ալիևը։ Բացի այդ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նա նշել է, որ 1940-1950-ական թվականներին, իբր, Հայաստանից՝ «իրենց պատմական հողերից» վտարվել են ադրբեջանցիները, 1980-ականների վերջին էլ, ըստ Ալիևի, «գլուխ է բարձրացրել հայկական անջատողականությունը, որին խորհրդային իշխանությունները չեն արձագանքել»։ «Լեռնային Ղարաբաղի անջատումն Ադրբեջանից ու միացումը Հայաստանին թեզ էր, որ ներդրվել է խորհրդային տարիներին։ Այն ներդրվել է Հեյդար Ալիևի հեռացումից երկու շաբաթ անց։ Երևի նման պլաններ վաղուց կային։ Սակայն Հեյդար Ալիևի վճռականությունն ու ուժը թույլ չտվեցին նրանց գլուխ բարձրացնել»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ չնշելով իր հոր հիմնական նպատակը՝ Արցախի հայաթափումը, որի ուղղությամբ գործուն քայլեր էին ձեռնարկվում։ Էմմա Չոբանյան

 factor.am

Ձեզ կեհաքրքրի...