ԱՄՆ-ը չպետք է սպառազինություն մատակարարի Ադրբեջանին, որը պարբերաբար ուժ է գործադրում հարևանի դեմ. Ադամ Շիֆ

Shif

 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆոռնիա) խիստ մտահոգ է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմից հետո հայ ժողովրդին սպառնացող շարունակական վտանգներով և մասնավորապես այն փաստով, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ և հարձակումներ գործել Հայաստանի վրա:

«Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան կոնգրեսականն ասել է, որ անթույլատրելի է Միացյալ Նահանգների կողմից սպառազինության մատակարարումը մի երկրի, որը պարբերաբար ուժ է գործադրում իր հարևանի նկատմամբ: Այդ պատճառով էլ Կոնգրեսի ստորին պալատն ընդունեց Փալոունի ուղղումը, որը, կոնգրեսական Շիֆի խոսքով, պատասխանատվության է ենթարկում Ալիևի ռեժիմին՝ ցույց տալով, որ ԱՄՆ-ը աչք չի փակելու Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ ուժ գործադրելու վրա:

«Այժմ, առավել քան երբևէ, մենք պետք է հետամուտ լինենք Հայաստանում ժողովրդավարության հետագա ամրապնդմանն ու աջակցությանը: Ահա թե ինչու ես հպարտությամբ միացա իմ գործընկերների նախաձեռնությանը՝ առաջարկելով վերջերս ընդունված Փալոունի ուղղումը, որը պատասխանատվության է ենթարկում Ալիևի ռեժիմին՝ ցույց տալով, որ Ամերիկան աչք չի փակելու այն բանի վրա, որ Ադրբեջանը բռնություն է գործադրում Հայաստանի և Արցախի նկատմամբ: Միացյալ Նահանգները չպետք է մատակարարի սպառազինություն մի երկրի, որը պարբերաբար ուժ է գործադրում իր հարևանի դեմ»,- հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը՝ ընդգծելով, որ ինքը միշտ կլինի Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին:

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձին՝ Ադամ Շիֆն ասել է, որ նախագահ Բայդենի որոշումը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին պատմական իրադարձություն էր իր հազարավոր ամերիկահայ ընտրողների, նրանց ընտանիքների և ամբողջ երկրի հայության համար, որոնք աշխատում, քարոզում, պայքարում և աղոթում էին ճանաչման համար:

«Ես շատ ոգևորված էի նրանից, որ այդ հայտարարությունն արվեց այն ժամանակ, երբ դեռևս կան ցեղասպանությունից փրկվածներ, որոնք ողջ են և կարող են վկայություն տալ»,- ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը:

Ձեզ կեհաքրքրի...