Ալիևը հայտնել է, որ ադրբեջանական ուժերը ՀՀ տարածքից չեն հեռանա, քանի որ այն «իրենցն են համարում»

Aliev

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական  AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ շարունակում են իրենց դիրքերն ամրացնել Հայաստանի հետ սահմանին։ Նա խոսել է ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժման մասին՝ նշելով, որ չեն պատրաստվում հեռանալ ու կրկին տարածքային պահանջներ է ներկայացրել։ «Շառլ Միշելը Երևան այցի ժամանակ  սահմանային տարածքներն անվանեց վիճելի։ Ես համաձայն չեմ այդ արտահայտության հետ, քանի որ մենք  այդ տարածքները համարում ենք մերը։ Ես գտնում եմ, որ դա Զանգեզուրի տարածքն է։ Իսկ Զանգեզուրը մեր նախնիների հողն է, և մենք գտնվում ենք մեր հողում»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ այդ հարցը քննարկվել է Շառլ Միշելի՝ Ադրբեջան այցի ընթացքում։ «Ես նրան փորձեցի բացատրել, որ մենք տեղաշարժվել ենք դեպի մեր սահմանները։ Ինչո՞ւ ենք մայիսին եկել, որովհետև ձյունը հալվել է։ Այն բանից հետո, երբ ձյունը հալվեց, մենք վերցրինք անհրաժեշտ բարձունքները ու տեղակայվեցինք  դրանց վրա, ամրացանք այնտեղ ու կամրանանք»,- ասել է Ալիևը։ Բացի այդ, նա  կրկին ադրբեջանական այն  թեզն է հնչեցրել, որ «ո՛չ Լեռնային Ղարաբաղ կա, ո՛չ էլ կարգավիճակ»։ «Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղ անունով տարածքային միավոր չկա, և այն փաստը, որ Շառլ Միշելը չի օգտագործել այդ արտահայտությունը, որպես հարգանք է ընկալվում մեր դիրքորոշման նկատմամբ։ Ինչ վերաբերում է կարգավիճակին. նոյեմբերի 10-ին՝ պատերազմից հետո, ցույց տվեցի կարգավիճակի տեղը»,- ասել է Իլհամ Ալիևը։  

Էմմա Չոբանյան

 factor.am

Ձեզ կեհաքրքրի...