Բունդեսթագի պատգամավորները ճնշում են գործադրել ԱԳՆ-ի վրա Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ. SWR հետաքննություն
Գերմանական SWR հեռուստառադիո ընկերությունը նոր բացահայտումներ է արել այն մասին, թե ինչպես են գերմանացի քաղաքական գործիչները պաշտպանել Ադրբեջանի շահերը:
Նշվում է, որ ներկա կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության մի քանի քաղաքական գործիչ քննադատության է ենթարկվել Ադրբեջանի հետ կապերի համար: Սակայն, ըստ SWR- ի, նրանց լոբբիստական գործունեությունը շարունակվել է:
«Ադրբեջան ոչ մեծ պետությունը բավական հեռու է գտնվում, բայց սկսել է ավելի հաճախ հայտնվել մամուլում: Այս շաբաթ խոշոր պայթյուն տեղի ունեցավ Կասպից ծովի բնական գազի հանքավայրում: Դրանից առաջ էլ քննադատության թիրախում էր հայտնվել ՈւԵՖԱ-ն մայրաքաղաք Բաքվում Եվրոպայի առաջնության ֆուտբոլային հանդիպումներն անցկացնելու համար, քանի որ նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը տարիներ շարունակ մեղադրվում է մարդու իրավունքների խախտումների և ընտրակեղծիքների համար: Երկար ժամանակ Ալիևը չէր մտածում իր կառավարության իմիջի մասին, քանի որ գերմանացի քաղաքական գործիչները զարմանալի հաճախականությամբ պաշտպանում էին այդ պետությունը: SWR-ի փաստաթուղթն այդ հարցով նոր բացահայտումներ է անում», – գրում է կայքը:
Ադրբեջանական լոբբիստները ճնշում են գործադրել Գերմանիայի արտգործնախարարության վրա Լեռնային Ղարաբաղի հարցում
«Բունդեսթագի մի քանի պատգամավորի լոբբիստական գործունեությունը Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի համար ավելի լուրջ հետևանքներ ունեցավ, քան կարծում էին նախկինում: Ըստ SWR հարցման, Բադեն-Վյուրթեմբերգից Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Նիկոլաս Լոբելը, Օլավ Գութինգը, Էբերհարդ Գիենգերը, Ակսել Ֆիշերը, նախկին պատգամավոր Մարկ Հաուպտմանը 2019 թ. դեկտեմբերին «բողոքի նամակով» փորձել են ճնշում գործադրել ԱԳՆ-ի վրա: SWR- ի ձեռք բերած նամակը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Պատգամավորները պահանջում են «պարզաբանումներ» ղարաբաղյան հակամարտության և Հայաստանի ենթադրյալ «անօրինական» գործողությունների վերաբերյալ:
Մինչև այժմ հայտնի էր միայն, որ հինգ պատգամավորից չորսը 2019-ի սեպտեմբերին Բունդեսթագում այս խնդրի վերաբերյալ նման հարցում է անցկացրել: SWR- ն վերջերս տեղեկացրել է, որ նախաձեռնությունը ստացվել է անմիջապես Ադրբեջանի դեսպանատնից: Դեսպանատան պաշտոնյան էլեկտրոնային նամակ է գրել Բունդեսթագի անդամ Էբերհարդ Գինգերին: «Մենք շատ ուրախ կլինենք, եթե դուք արձագանքեք այս հարցին և պարոն Լոբելի հետ ուսումնասիրեք Բունդեսթագի հնարավոր արձագանքը հայկական մոտեցմանը», – ասված է նամակում:
Անհասկանալի միամտությո՞ւն, թե՞ դիտավորյալ աջակցություն
Կայքը գրում է, որ քաղաքական գործիչները չեն բավարարվել միայն գրավոր հարցումով և նամակ են գրել Արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասին, որում Բունդեսթագի անդամները բողոքում են, որ դաշնային կառավարությունը խուսափողական է պատասխանել Բունդեսթագի ներկայացրած հարցերին: SWR- ի հարցին, թե արդյո՞ք այս նամակը նույնպես Ադրբեջանի դեսպանության նախաձեռնության արդյունք է, խորհրդարանի անդամները չեն պատասխանել:
Հայդելբերգից SPD անդամ Լոթար Բինդինգը այս մոտեցումն անհեթեթություն է որակել: Նրա համար «լրիվ անբացատրելի է, որ իր գործընկերները կարող էին այնքան միամիտ լինել, որ կանխամտածված աջակցեին բռնապետությանը»:
armtimes.com