Կանադայում ռեկորդային շոգի հետևանքով մահացածների թիվը հասնում է մոտ 500-ի
Կանադայում ռեկորդային շոգի հետևանքով մահացածների թիվը հասնում է հարյուրների: Միայն Բրիտանական Կոլումբիա նահանգում վերջին 5 օրում շոգից մահացել է 486 մարդ, որոնց մեծ մասը տարեցներ կամ առողջական խնդիրներ ունեցողներ են եղել, հայտնում է BBC լրատվականը:
Նշվում է, որ Բրիտանական Կոլումբիա նահանգում օդի ջերմաստիճանը հասել է ընդհուպ +50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի։ Մասնավորապես, նահանգի Լիթթոն քաղաքում գրանցվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ +49,6 աստիճան։ Նահանգապետը նշել է, որ ամենաշոգ շաբաթն է եղել։ Մինչ այդ նահանգում ջերմաստիճանը չի անցել +45 աստիճանը։
Հայտնի է, որ նահանգում բնակիչների մեծ մասը տանն օդափոխիչ սարքեր չունեն, քանի որ ամառներն այստեղ համեմատաբար զով են լինում։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ցավակցել է մահացածների ընտանիքներին։
Բժիշկները մարդկանց խորհուրդ են տվել տներից դուրս չգալ, ավելի շատ ջուր խմել և անպայման գլխարկ դնել։