Եղել են միանգամայն անհասկանալի որոշումներ, «և այնքան անհասկանալի, որ մեծ կասկածներն են առաջացրել, թե արդյո՞ք այստեղ այլ պայմանավորվածություններ չկան, չկա՞ դավաճանություն». Քոչարյանը՝ ռուսական լրատվամիջոցներին

Qocharyan

 «Պատերազմում չպարտվելու բացարձակ հնարավորություն կար, կարելի էր այն կանգնեցնել։ Նման հնարավորություններ ունեցել ենք։ Դա ուղղակի պատերազմի ապաշնորհ կառավարում է։ Իսկ պատերազմը դադարեցնելու մասին էր Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը, եթե չեմ սխալվում, հոկտեմբերի 19-ին»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը՝ РИА Новости-ին, Sputnik Армения-ին և RT-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ հայկական կողմը միանգամայն անհասկանալի պատճառներով մերժել է այդ առաջարկը՝ պատճառաբանելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սխալ կհասկանան և դավաճան կկոչեն։ «Մենք ավելի շատ կորցրեցինք, քան եթե այդ պահին համաձայնեինք, դավաճան՝ միևնույն է, անվանում են, և շատ ավելի մեծ էնտուզիազմով»,- նշել է Քոչարյանը։

Նա ռազմական գործողություններում անհաջողության պատճառ է համարել «զորքերի ապաշնորհ կառավարումը»։ «Բացարձակ չիմացությունը, թե ինչ է պատերազմը, ինչ է մոբիլիզացումը, ինչ է մոբիլիզացիոն ռեսուրսի ձևավորումը, ինչ է բանակի համալրումը։

Ցանկացած բանակ լայնածավալ պատերազմի դեպքում, միայն իր մարդկային ռեսուրսներով, պոտենցիալով կարող է դիմակայել 1-1,5 շաբաթ։ Այստեղ ձախողումը բացարձակ ամբողջական էր»,- հայտարարել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ եղել են միանգամայն անհասկանալի որոշումներ, «և այնքան անհասկանալի, որ մեծ կասկածներն են առաջացրել, թե արդյո՞ք այստեղ այլ պայմանավորվածություններ չկան, չկա՞ դավաճանություն»։

«Եվ նման կասկածները դեռ մնում են։ Դրանք պարզապես պետք է փարատել ընտրություններից հետո մանրակրկիտ հետաքննությամբ։ Բոլորովին անհասկանալի է, թե ինչպես են հանձնել Շուշին, որոշ անհասկանալի որոշումներ, որոնք կապված են նույն Շուշիի պաշտպանության հետ, անհասկանալի է, թե ինչպես են հանձնել Հադրութը, թե ինչպես էին ադրբեջանական զորքերը, գրեթե առանց դիմադրության, Հադրութից հայտնվել Շուշիում։ Միանգամայն անհասկանալի պատմություն է, այդ հարցերի պատասխանները պետք է տրվեն»,- կարծում է նախկին նախագահը։

Ձեզ կեհաքրքրի...