Ոստիկանությունը որոնում է «ՍԱՍ» սուպերմարկետի անվտանգության 27-ամյա աշխատակցին, ով կասկածվում է «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց 64-ամյա քաղաքացուն գանգուղեղային վնասվածք պատճառելու մեջ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 10-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21։30-ի սահմաններում նշված հիվանդանոցից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը անհատ տաքսու վարորդ՝ Երևանի բնակիչ, 64-ամյա Հովհաննես Սիմոնյանն է, ով ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը, ժամը 21։00-ի սահմաններում Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց իրեն հարվածել է Նարեկ անունով մի երիտասարդ։ Կենտրոնի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ Նարեկը հանդիսանում է Երևանի բնակիչ՝ 27-ամյա Նարեկ Ավետիսյանը ով աշխատում է «ՍԱՍ» սուպերմարկետում՝ որպես անվտանգության աշխատակից։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Ն. Ավետիսյանին հայտնաբերելու, դեպքի հանգամանքները պարզելու համար։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն