Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը կրկին սրվում է
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը կրկին լարված է։ Այս մասին հայտնում է Sputnik Ղրղզստանը՝ հղում անելով երկրի Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայությունը։
Բիշքեկում Դուշանբեին մեղադրել են սահմանազատման և սահմանագծման հարցերի շուրջ միջկառավարական պայմանավորվածությունները խախտելու համար:
Հաղորդագրության համաձայն՝ հունիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 03:00-ի սահմաններում տաջիկական կողմը սկսել է կոնտեյներ տեղադրել Օշակոյի մարզի Չոն-Ալայսկի շրջանի Ունժու-Բուլակ տեղանքի սահմանապահ հատվածում՝ «մինչև 1000 մետր առաջ շարժվելով դեպի Ղրղզստանի տարածքի խորքը»։
Ընդ որում, Ղրղզստանի ԱԱՊԿ սահմանապահ ծառայության տվյալներով, սահմանի տաջիկական կողմում զինծառայողների անձնակազմի կուտակումներ են նկատվում՝ ավտոմոբիլային և թեթև զրահատեխնիկայով:
«Տաջիկական կողմը կոնտեյները թողել է տվյալ տեղանքում՝ պետական սահմանի չնկարագրված հատվածում և դրանից 600 մետր հետ է քաշվել։ Ղրղզստանի կողմից միջոցներ են ձեռնարկվում սահմանային ներկայացուցիչների մակարդակով իրադրության կարգավորման ուղղությամբ, սակայն Տաջիկստանի սահմանապահ ներկայացուցիչները չեն պատասխանում հեռախոսազանգերին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղակայված սահմանապահ ստորաբաժանումները անցել են ծառայության ուժեղացված ռեժիմի: