Ներողություն եմ խնդրում իմ թերացումների համար․ պատգամավոր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը չի մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ մանրամասնելով
«Իմ պարտքն եմ համարում տեղեկացնել, որ չեմ մասնակցելու առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Դա իմ անձնական որոշումն է, իսկ պատճառների մասին այս պահին խոսելն անպատեհ եմ համարում՝ հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակն ու նախընտրական մթնոլորտը։
Հորդորում եմ՝ անպայման մասնակցել առաջիկա ընտրություններին, քանզի ձեզանից յուրաքանչյուրի քվեով է ձևավորվում և’ իշխանությունը, և’ ընդդիմությունը։ Խնդրում եմ անպայման ծանոթացեք նախընտրական ծրագրերին, հետևեք քաղաքական գործիչների ելույթներին, քվեարկեք գաղափարների և այս բարդ իրավիճակում իրատեսական լուծումներ առաջարկող քաղաքական ուժի/ուժերի օգտին։
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք կողքիս էին հատկապես այս դժվարին շրջանում։ Համատեղ աշխատանքի և անցած ճանապարհի համար շնորհակալ եմ իմ թիմակիցներին, խորհրդարանական ընդդիմության և ԱԳՆ֊ի գործընկերներին, ինչպես նաև լրագրողական համայնքին՝ գործունեությունս լուսաբանելու համար։
Որպես պատգամավոր՝ հնարավորության սահմաններում փորձել եմ անել առավելագույնը, բայց, ցավոք, միշտ չէ, որ հաջողել եմ, ուստի ներողություն եմ խնդրում իմ թերացումների համար։ Մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Բոլորս, ի վերջո, անցողիկ ենք, մնայունը հայրենիքն է ու պետությունը, որի հանդեպ սերն ու նվիրումը վերանձնային է և վերկուսակցական։ Մեր նահատակված հերոսներին և նրանց ընտանիքներին մենք կյանք ենք պարտք, և այդ կյանքը պետք է ծառայեցնենք ուժեղ պետության կերտմանը։ Խաղաղություն մեր հայրենիքին և ուժ ու իմաստություն մեզ բոլորիս»։