Ռուսաստանը կարող է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների գծմանն առնչվող խնդիրների քննարկման հարցում. Սերգեյ Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը կարող է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների գծմանն առնչվող խնդիրների քննարկման հարցում: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Լավրովն այս մասին ասել է տաջիկ գործընկերոջ` Սիրոջիդդին Մուխրիդդինի հետ կայացած ասուլիսում:
Ռուս նախարարն ընդգծել է. «Մենք, մեր հերթին, մանրամասն տեղեկացրել ենք մեր ընկերներին այն ջանքերի մասին, որոնք ձեռնարկում է Ռուսաստանի Դաշնությունը միջադեպի կարգավորման համար, որն առաջացել է պետական սահմանի միջազգային իրավական ձևակերպման բացակայության պատճառով: Կողմերի (Հայաստանի և Ադրբեջանի) միջև նախնական պայմանավորվածության համաձայն` Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է օգնություն տրամադրել սահմանազատման, սահմանագծման գործընթաց սկսելու և անցկացնելու հարցում` հանդես գալով այդ նպատակով հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որում Ռուսաստանը կարող է մասնակցել խորհրդականի կարգավիճակով, եթե կուզեք` միջնորդի»,- ասել է ռուս դիվանագետը:
Հիշեցնենք, որ լույս մայիսի 12-ի գիշերն Ադրբեջանի Զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ Սյունիքի մարզի Սև լճի հատվածում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր, նմանատիպ ներթափանցումներ եղել են նաև Գեղարքունիքի մարզի որոշ ուղղություններում: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ մի քանի այլ փորձեր էլ կանխվել են: Մինչ այս պահն ադրբեջանական կողմի հետ, այդ թվում` ռուսական կողմի մասնակցությամբ ընթացած բանակցություններն արդյունք չեն տվել. ՀՀ տարածք մտած ադրբեջանական ուժերի հիմնական մասը դեռևս չի կատարում ՀՀ տարածքից անհապաղ դուրս գալու՝ Հայաստանի կողմից հնչեցված պաշտոնական պահանջը:
Պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի երեկոյան դրությամբ, փոփոխություն չի կրել:
«Ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով»,- շեշտված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում: