5-րդ ՊՇ-ի զորահավաքային ռեսուրսներից մոտ 70 զինծառայողի դուրս հանելը մարտական խնդիրների կատարման խոչընդոտ չի եղել. Բաբայանի պատասխանը Հակոբյանին
Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասում է․
«Ի պատասխան «5-րդ ալիք» հեռուստաընկերության եթերում ս.թ. ապրիլի 20-ին Մովսես Հակոբյանի կողմից Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քատուղար Սամվել Բաբայանի հասցեին հնչեցված մեղադրանքների` հայտնում ենք, որ Մ. Հակոբյանը կանխակալ մոտեցմամբ խեղաթյուրում է փաստերը` այդպիսով ակնհայտորեն միջանձնային խնդիրները դնելով պետական-պաշտպանական-անվտանգային խնդիրների հիմքում:
Մասնավորապես, հարցազրույցի ընթացքում Մովսես Հակոբյանի կողմից հնչեցվել են մտքեր Ս. Բաբայանի կողմից «պատերազմի ժամանակ ցանկություններ իրականացնելու», «թիկունքում ստորաբաժանում ձևավորելու», «առաջնագծից զինվորներ հանելու», «քանի փամփուշտ կրակելու», «առաջին գծի ստորաբաժանումներին մեծ վնաս հասցնելու», և արդյունքում «որևէ խնդիր չկատարելու» և այլնի վերաբերյալ:
Ի պարզաբանումն սույնի` տեղեկացնում ենք, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային դիմագրավելու նպատակով ԱՀ ԱԽ քարտուղարի նախաձեռնությամբ և ԱՀ Նախագահի համապատասխան գրությունների համաձայն իրականացվել է աշխարհազորայինների հավաքագրման գործընթաց:
ԱԽ գրասենյակի համապատասխան վարչության պետ Գրիգորի Սահակյանի անմիջական ղեկավարությամբ ձևավորվել է 2 գումարտակ և 3 առանձին վաշտ, այդ թվում` գրոհային, որոնք նախքան մարտական առաջադրանքներ ստանալը և խնդիրներ կատարելը ներդաշնակման նպատակով անցել են մեկշաբաթյա մարտական պատրաստության պարապմունքներ:
Ստորաբաժանումները ստացել և հաջողությամբ իրականացրել են մարտական առաջադրանքներ առաջնագծի տարբեր ուղղություններում, մասնավորապես.
Հոկտեմբերի 1-ին ձևավորվել է առաջին ստորաժանումը, որի տեղաբախշման վայր է ընտրվել Ասկերանի շրջանի Ռև համայնքը:
Հոկտեմբերի 7-ին գումարտակի հավասարեցված ստորաբաժանումը մարտական խնդիր է ստացել կատարելու երթ Ռև-Ստեփանակերտ-Կարմիր Շուկա-Հադրութ-Ջրական (Ջաբրայիլ) երթուղով և զբաղեցնելու նախատեսված բնագիծը` հետագայում գրոհի մասնակցելու նպատակով: Ստորաբաժանման հրամանատարական կազմը. գումարտակի հրամանատար՝ Արամ Ավագյան, վաշտերի հրամանատարներ՝ Գարեգին Ստեփանյան, Վալերի Սարգսյան, Վարդան Խառատյան:
Հոկտեմբերի 8-ին, գումարտակի ստորաբաժանումները գրոհել են Քայնդ-Հորադիզի ուղղությամբ տեղակայված հակառակորդի դիրքերը: Գրոհի ընթացքում գումարտակը հաջողել է գրավել 5 մարտական դիրք և ամրանալ այդ դիրքերում, որտեղ մինչև հոկտեմբերի 9-ը շարունակել է վարել դիրքային մարտեր` խոցելով հակառակորդի շոշափելի կենդանի ուժ և զրահատեխնիկա և սպասելով ավագ պետի կողմից կազմակերպվող մեծ օպերացիային, որն այդպես էլ տեղի չունեցավ:
Անհավասար մարտերից հետո, կրելով կորուստներ, ստորաբաժանումը հոկտեմբերի 9-ին հետ է նահանջել ելման դիրքեր, ապա Հադրութ քաղաք՝ հետագա մարտական խնդիրները ճշտելու համար: Քյանդ-Հորադիզի մարտական դիրքերում ստորաբաժանումը մարտերի ընթացքում տվել է 3 զոհ (Արամ Մկրչյան, Հակոբ Առաքելյան, Արամ Պողոսյան) և տասնյակ վիրավորներ:
Ի դեպ, այս ուղղությամբ ձեռնարկված գործողությունների արդյունքում հաջողվել է շրջափակումից դուրս բերել թվով 19 ժամկետային և պայմանագրային զինծառայողների:
Հոկտեմբերի 10-ից գումարտակը բաժանվել է երկու մասի: Առաջին և երկրորդ վաշտերը Արամ Ավագյանի գլխավորությամբ տեղափոխվում են Կյավաք՝ եկեղեցու (Մենգելենաթա) բարձրունքի ուղղությամբ՝ նախանշված նոր բնագծի գրավման և պաշտպանության համար, որտեղ մինչև հոկտեմբերի 24-ը վարել են պաշտպանողական մարտեր:
Հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 15-ը նշված երկու վաշտերը կրել են մարտական հերթապահություն Սարգսաշեն և Ակնաղբյուր գյուղերի միջև ընկած հատվածում: Այս մարտերի ընթացքում զոհվել է մեկ աշխարհազորային (Արսեն Դավթյան): Վաշտի ստորաբաժանումներից մասնակցել են նաև Քարին Տակի պաշտպանությանը և Շուշիի գրոհին:
Հոկտեմբերի 10-ին երրորդ վաշտը` Գարեգին Ստեփանյանի գլխավորությամբ վերականգման նպատակով տեղափոխվել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղ, որտեղ էլ համալրվել է Վանք գյուղում նոր ստեղծվող գումարտակի անդամներով:
Հոկտեմբերի 15-ից, համաձայն ԱՀ կառավարության որոշման, Մարտակերտի շրջանի Վանք (հրամանատար` Արմեն Հակոբյան) և Դրմբոն (հրամանատար՝ Արտակ Առուստամյան) գյուղերում ստեղծվում են աշխարհազորային մեկական գումարտակներ, իսկ Հաթերք գյուղում (հրամանատար՝ Սամվել Առուստամյանը)՝ մեկ վաշտ, որոնք համալրում են ՊԲ թիվ 99212սանիտարական գումարտակը:
Հոկտեմբերի 15-ից 22-ն ընկած ժամանակահատվածում նշված նորաստեղծ գումարտակներում և վաշտերում կազմակերպվում են մեկշաբաթյա մարտական պատրաստության պարապմունքներ:
Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 3-ը Վանքի գումարտակը գրոհային երրորդ վաշտի հետ ներգրավվում է 7-րդ ՊՇ-ում մարտական հերթապահության՝ սկզբից 8, այնուհետև ևս 4 մարտական դիրքերում (ընդհանուր առմամբ՝ 12 մարտական դիրք):
Նոյեմբերի 3-ին իրականացվում է 7-րդ ՊՇ-ի դիրքերի մարտական հերթափոխ: Դրմբոնի գումարտակը փոխարինում է Վանքի գումարտակին և մինչև նոյեմբերի 17-ը մարտական հերթապահություն է տանում նշված դիրքերում: -րդ 7 ՊՇ-ի դիրքերում Դրմբոնի գումարտակը նոյեմբերի 3-ից 4-ը ունենում է 2 զոհ (Արագած Ավանեսյան, Միքայել Մկրտումյան) և 4 վիրավոր:
Նոյեմբերի 5-ին 3-րդ գրոհային վաշտի մեկ դասակ մասնակցում է Քարին Տակի պաշտպանությանը, այնուհետև նոյեմբերի 6-ին վաշտի կազմով ներգրավվում Շուշիի գրոհին: Շուշիի գրոհի ընթացքում 3-րդ վաշտը ունենում է 3 զոհ (Արտաշ Ղալայան, Արսեն Ապրեսյան, Վադիմ Հովհաննեսյան) և 12 վիրավոր: Գրոհից հետո նոյեմբերի 6-ի երկրորդ կեսին վաշտը դուրս է բերվում վերականգման շրջան:
Նոյեմբերի 5-ից 10-ը Վանքի գումարտակը ներգրավված էր Ներքին Սզնեք-Շոշ բնագծի պաշտպանությանը, որի ընթացքում գումարտակը ունեցել է 3 զոհ (Ալեքսեյ Մակիյան, Արտակ Ավագիմյան, Վահագն Սեյրանյան) և 6 վիրավոր: Վանքի գումարտակից հոկտեմբերի 19-ին զոհվել է նաև 5-րդ ՊՇ-ում ծառայություն իրականացնող Մելսիկ Ղազարյանը:
Հաթերքի առանձին վաշտը մարտական հերթապահություն էր վարում 4 մարտական դիրքում` փակելով 38 Ահգմ-ի և 7-րդ ՊՇ-ի սահմանազատման հատվածում բաց տեղամասերը: Մարտերի ընթացքում զոհեր և վիրավորներ չեն եղել:
Մարտական գործողությունների ընթացքում Վանքի և Առաջաձորի վաշտերի անձնակազմերը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել են հոկտեմբերի 5-ից 6-ը պլանավորվող օպերացիայի մասնակցությունից: ԱԽ քարտուղարի նախաձեռնությամբ ստեղծված ստորաբաժանումները, բացի վերը նշվածիցս, չեն հրաժարվել ոչ մի օպերացիայի մասնակցությունից:
Հատկանշենք նաև, որ ԱՀ ԱԽ նախաձեռնությամբ գումարտակները ստեղծվելու և համալրվելու նպատակով առաջնագծից հանվել են միայն 5-րդ ՊՇ-ին պատկանող զորահավաքային ռեսուրսներից մոտ 70 զինծառայող: Նշված անձնակազմի դուրս հանելը առաջնագծից 5-րդ ՊՇ-ի կողմից մարտական խնդիրների կատարման խոչընդոտ հանդես չի եկել և 5-րդ ՊՇ մարտերի ընթացքում ոչ մի դիրք չի զիջել:
Ստորաբաժանումները համալրած մյուս անդամները ազատ պահեստազորայիններ էին, տարբեր տեղերից ժամանած կամավորներ, ինչպես նաև տարբեր պատճառներով այլ ստորաբաժանումներից դուրս մնացած զինապարտներ:
Ընդհանուր առմամբ, բոլոր ստորաբաժանումներում ընդգրկված էին մոտ 650 զինծառայող, որոնցից մարտական գործողությունների ընթացքում ունեցել են 13 զոհ և 45 վիրավոր:
ԱՀ ԱԽ քարտուղարի նախաձեռնությամբ ստեղծված ստորաբաժանումների գործունեության այլ մանրամասներ նպատակահարմար չենք գտնում ներկայացնելու` հաշվի առնելով օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ հանգամանքներ»։