Ալիևը հայտարարել է, թե պատերազմից հետո իրավիճակը շատ փխրուն է, իսկ Հայաստանից տարածքային պահանջներ չունի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ղարաբաղյան պատերազմից հետո իրավիճակը շատ փխրուն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 13-ին Ալիևն այս մասին հայտարարել է Ադրբեջանական դիվանագիտական ակադեմիայում «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն հետկոնֆլիկտային շրջանում» համաժողովի ժամանակ:
«Չնայած նրան, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, սակայն դեռևս մեծ թվով հարցեր կան հետկոնֆլիկտային զարգացումներում», – ընդգծել է նա:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նաև հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ համաձայնագիրը, սակայն պատասխան քայլեր չի տեսնում «Մնում են շատ բաց հարցեր Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ», – նշել է Ալիևը:
Իլհամ Ալիեւը նաև ասել է, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ: «Մենք կհիշենք մեր պատմությունը, բայց մենք ոչ մի տարածքային պահանջ չունենք որեւէ երկրի, այդ թվում Հայաստանի նկատմամբ»,-հավելել է Ալիեւը: