Խոշոր ավտովթար Երևանում. Toyota Camry-ն Մոնթե Մելքոնյան փողոցում տապալել է երկաթե էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում. 6 անչափահասներ տեղափոխվել են հիվանդանոց.
Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Toyota Camry մակնիշի 17 DM 007 համարանիշի ավտոմեքենան Մոնթե Մելքոնյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, հարվածել էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել ճանապարհի բաժանարար գոտու կանաչ գազոնում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ օղակի հրամանատար Անդրանիկ Գևորգյանի գլխավորությամբ: Մինչ փրկարարների ժամանումը, քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերվել 6 անչափահասա երեխաների, ովքեր օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտաօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Էդգար Հայրապետյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
shamshyan.com