Նիկոլ Փաշինյանն անձնական պատասխանատվություն է կրում այն ամենում, ինչ կատարվեց. Քոչարյան

POzner

 «Մենք պատերազմում շատ ծանր պարտություն ենք տարել, ուստի դա հասարակության համար ուժեղ հոգեբանական ջլատում էր: Լուրջ խնդիրներ են խորագույն անտարբերությունը՝ ապատիան, տնտեսության, կառավարման ոլորտներում խնդիրները: Չկա մի ոլորտ, որտեղ կարելի էր գոնե գոնե ինչ-որ չափով դրական արտահայտվել: Ինչպե՞ս կարելի է նման պատերազմ տանուլ տալ և ունենալ նորմալ վիճակում գտնվող երկիր և հանրություն: Այս մասին  Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հարցին` երկրի կառավարմանը ներգրավված չլինելով՝ ակնկալո՞ւմ էր, որ կարող է նման պատերազմ լինել, Քոչարյանը պատասխանել է.

«Անխոս, ավելին ասեմ, ես այդ մասին բազմիցս և հրապարակավ նախազգուշացրել եմ: Մամուլի միջոցով, լրատվամիջոցներով զգուշացրել եմ և հանրությանը, և կառավարությանը: Բանն այն է, որ գրեթե բոլոր փորձագետներն ասում էին` այն քաղաքականությունը, որ վարվում էր Հայաստանում, անխուսափելիորեն կհանգեցնի պատերազմի»:

Պոզների դիտարկմանը, թե` կարելի է ենթադրել, որ իշխանությունները վստահ են եղել` եթե պատերազմ սկսվի, կհաղթեն, երկրորդ նախագահը բացասական պատասխան է տվել:

«Հակառակը, փորձագիտական մակարդակում ասում էին` մենք պատրաստ չէինք, որ կլինի բարդ պատերազմ, իշխանություններն ամեն ինչ հերքում էին»:

Քոչարյանի կարծիքով` ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձնական պատասխանատվություն է կրում այն ամենում, ինչ կատարվեց:

«Մենք Ադրբեջանի հետ երկար տարիներ ԼՂ շուրջ հակամարտություն ունենք՝ պատերազմ, շփման գծեր, դեմ դիմաց կանգնած բանակներ, փոխհրաձգություններ, այսինքն` գործընթաց, որ ինչ-որ որոշում էր ենթադրում: Վերջին տարիներին իշխանությունը բանակցային գործընթացը փակուղի տարավ, ընդ որում` փակուղին ստեղծվել է հայկական կողմի նախաձեռնությամբ , իսկ այնտեղ, որտեղ ավարտվում են բանակցությունները, սկսվում է պատերազմը: Գիտակցումը, որ մենք արդեն մտել ենք ռիսկային փուլ, և հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսում, ուղղակի ակնհայտ էր»,- նշել է նա: 

Հարցին` լավագույն դեպքում բանակցություններն ինչի՞ պետք է հանգեցնեին, Քոչարյանը պատասխանել է, որ իրականում բանակցությունների շնորհիվ կարող էինք ունենալ ԼՂ կարգավիճակ` ԼՂ կողմից վերահսկվող տարածքների դիմաց:

«Կա ԼՂԻՄ տարածք և տարածք, որին մենք ասում ենք ազատագրված, միջնորդները` զբաղեցրած: Այդ տարածքները ներառված էին ԼՂ մեջ, բայց Սահմանադրությամբ դրանք բուֆերային գոտի էին ընկալվում, անվտանգության լուրջ գոտի էին, միևնույն ժամանակ դրանք այն թեման էին, որի շուրջ կարող էին բանակցություններ վարվել ԼՂ կարգավիճակի շուրջ: Հայկական կողմը նոր պահանջներ ներկայացրեց` սկսենք նոր կետից, մոռանանք այն, ինչ եղել է մեզնից առաջ, հետո գնաց բանաձև` առանց ԼՂ ներկայացուցիչների մասնակցության որևէ բանակցություն չի կարող լինել, հետո «Արցախը Հայաստան է և վերջ»: Այսինքն՝ շատ կարճ ժամանակահատվածում նոր կանխադրույթներով ստեղծվեց տպավորություն, որ հայկական կողմը բանակցություններից հեռանում է»,- ասել է Քոչարյանը: 

Երկրորդ նախագահը նկատել է` գործող իշխանությունները չեն հասկացել, որ սադրում են, այդ ամենը պատասխանատու, դժվար բանակցություններից հեռանալու պարզունակ մեթոդ էր, փախուստ:

 

auroranews.am

Ձեզ կեհաքրքրի...