Սլովակիայի Ազգային խորհուրդն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» բանաձևը

Slovakia

 Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է՝  այսօր՝ ապրիլի 1-ին, Սլովակիայի խորհրդարանի 25-րդ լիագումար նիստի ընթացքում Ազգային խորհրդի կողմից միաձայն՝ 120 կողմ ձայնով ընդունվել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի SMER–SD/Սոցիալական դեմոկրատներ կուսակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի կողմից ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» բանաձևը։

«Բանաձևում խստորեն դատապարտվում է խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների, մշակութային և կրոնական ժառանգության կոթողների և հուշարձանների ոչնչացումը, մտահոգություն է հայտնվում հակամարտության ընթացքում երրորդ երկրների ռազմական ներգրավվածության և դրանց ապակայունացնող դերի առնչությամբ, շեշտվում է, որ տևական խաղաղության հասնելու և Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, խորապես մտահոգություն է հայտնվում, որ ռազմագերիները և բռնի պահվող այլ անձինք` ներառյալ քաղաքացիական անձինք, ազատ չեն արձակվել՝ համաձայն Միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ 1949 թ. Ժնևի կոնվենցիայի (III) դրույթների։

Բանաձևով կոչ է արվում Սլովակիայի Հանրապետության կառավարությանը, Եվրամիությանը և միջազգային կազմակերպություններին՝ ապահովել պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ կասետային զինամթերքի օգտագործման վերաբերյալ բոլոր մեղադրանքների պատշաճ քննությունը, բոլոր ռազմագերիների և խաղաղ բնակիչների անհապաղ ազատ արձակումը, միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ առանց սահմանափակումների»,- տեղեկացնում է դեսպանությունը:
Հիշեցնենք, որ սա Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ սանձազերծած վերջին 44-օրյա պատերազմի վերաբերյալ երկրորդ բանաձևն է, որն ընդունել է Սլովակիայի Ազգային խորհուրդը։ Առաջին՝ «Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտության վերաբերյալ» բանաձևը Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի կողմից ընդունվել է 2020 թ․ հոկտեմբերի 22-ին։

Ձեզ կեհաքրքրի...