ԹՈՓ 5 ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ, ՈՐՈՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ՏՈՐԹԵՐՈՒՄ

Դժվար թե գտնվի մարդ, որը խմորեղեն չի սիրում:

Բոլորս էլ սիրում ենք քաղցրացնել մեր քիմքը մտերիմների պատրաստած տնական տորթերով: Եփել-թխելու ժամանակ չունենալիս կամ յուրահատուկ առիթների համար սիրում ենք գնել տորթեր օնլայն խանութ այցելելով, սուպերմարկետներից կամ հրուշակարաններից: Առանց տորթերի կյանքը շատ ձանձրալի կլիներ և միօրինակ… Ուստի աշխարհի 󠄪«ամենաքաղցր» մարդիկ՝ հրուշակագործները, օրեցօր զարգացնում են իրենց արվեստն ու ստեղծում տորթերի նորանոր բաղադրատոմսեր: Համաձայնենք, որ խմորեղենի աշխարհում ևս նորաձևություն գոյություն ունի, և որոշակի ժամանակահատվածում առավել թրենդային են լինում որոշակի բաղադրիչներ;

Եվ այսպես, փորձենք ներկայացնել ժամանակակից տորթերում օգտագործվող ամենաթրենդային բաղադրիչները:

Շոկոլադ: Օրեցօր ավելանում են շոկոլադե տորթերի սիրահարները, հետևաբար նաև՝ տորթերի նորանոր բաղադրատոմսերը: Շոկոլադն օգտագործում են տորթերը զարդարելու համար, շոկոլադով պատրաստում են սերուցքային անչափ համեղ ու խիտ կրեմ՝ գանաշ: Չմոռանանք շոկոլադե ջնարակի և զանազան համեղ դեկորների մասին: Շատ հրուշակագործներ տորթերի խմորի մեջ նույնպես օգտագործում են շոկոլադ՝ չհալեցրած վիճակում: Բիսկվիթի միջի շոկոլադե գնդիկները հատկապես համեղ են սուրճի հետ… Ոչ միայն համեղ, այլև օգտակար, քանի որ շոկոլադը հակադեպրեսանտ է, նվազեցնում է սթրեսը, բարձրացնում տրամադրությունը և մտավոր կարողությունները, կրճատում սրտային հիվանդությունների հավանականությունը: Շոկոլադը երբեք շատ չի լինում:

Կակաո:  Եթե ձեռքի տակ շոկոլադ չկա, նրան փոխարինելու է գալիս կակաոն: Վերջինս լիիրավ կերպով փոխարինում է պատրաստի շոկոլադին գրեթե բոլոր դեպքերում՝ խմորի, կրեմի, ջնարակի մեջ: Էլ ինչ շոկոլադե տորթ առանց կակաոյի… Կակաոն նույնպես բարձրացնում է տրամադրությունը, լավացնում հիշողությունը: Որոշ աղբյուրներ հավաստում են, որ կակաոյի կանոնավոր օգտագործման դեպքում նույնիսկ հնարավոր է խուսափել մաշկի վաղաժամ ծերացումից, ատամի կարիեսից, ուռուցքներից:

Խտացրած կաթ: Ամենահամեղ բաղադրիչը, որն օգտագործվում է հատկապես տնական տորթեր պատրաստելիս: Խտացրած կաթն առկա է անչափ համեղ բիսկվիթների, ռուլետների, կեքսերի խմորի մեջ, իսկ խտացրած կաթով պատրաստված կրեմը հիանալի համ է հաղորդում թե՛ տնական, թե՛ տոնական տորթերին, էկլերներին, նուրբ շերտախմորով նապոլեոնին և… մեկը մյուսից համեղ ամենաբազմազան խմորեղեններին: Շոկոլադի ու կակաոյի նման՝ խտացրած կաթն էլ բնական մթերք է (եփած կաթ և շաքարավազ), չի պարունակում սինթետիկ հավելումներ, կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ՝ լավացնել ուղեղի աշխատանքը, բարձրացնել դիմադրողականությունը:

Սերուցք: Սերուցքային համեղ կրեմ շատ են սիրում թե՛ տորթ սիրողները, թե՛ տորթ պատրաստողները: Սերուցքային կրեմներն արագ են պատրաստվում, թեթև են, շատ հարմար տարբերակ են հատկապես ծննդյան տորթերը զարդարելու համար: Սերուցքը բնական մթերք է (կաթի սերը՝ ստերիլիզացված վիճակում), պարունակում է վիտամիններ և հանքային նյութեր, հեշտությամբ յուրացվող ճարպեր: Սերուցքի օգտագործումը նույնպես կարող է օգտակար լինել դեպրեսիաների ժամանակ, հատկապես, երբ այն օգտագործվում է քաղցր ու համեղ տորթերի կազմում:

Պանիր: Չզարմացաք, չէ՞: Անչափ թրենդային ու մոդայիկ չիզքեյքերի հիմնական բաղադրիչը պանիրն է: Իհարկե, դա ոչ մեր «լոռին» է, ոչ էլ «չանախը»: Չիզքեյք պատրաստում են ֆիլադելֆիա, մասկարպոնե պանիրներով: Վերջիններս փափուկ տեսակի պանիրներ են, հիշեցնում են թանձր թթվասեր: Ֆիլադելֆիա և մասկարպոնե պանիրներն ունեն ունիվերսալ համ, ինչն էլ թույլ է տալիս պանրի այս տեսակներն օգտագործել աղցանների, սուշիների, սոուսների, ապուրների և նույնիսկ աղանդերների մեջ: Երբեմն նշված պանիրները փոխարինվում են կաթնաշոռով, բայց դա էական չէ, քանի որ չիզքեյքը բառացի թարգմանությամբ նշանակում է պանրային տորթ…

Ձեզ կեհաքրքրի...