Մարտի 1-ի գործը չի կարճվի. ըստ Սեդա Սաֆարյանի՝ ՍԴ դատավորների իրավագիտակցությունը 0-ից ցածր մակարդակի վրա է
Կարծում եմ, Սահմանադրական դատարանի որոշումը որեւէ ազդեցություն չի ունենա Մարտի 1-ի գործի վրա եւ այն չի կարճվի:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Սահմանադրական դատարանի այսօրվա որոշմանը, որով Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական, այսպիսի հայտարարություն արեց Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ ըստ ՍԴ այսօրվա որոշման՝ մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր։ Այս հոդվածները վերաբերում են համաչափության և որոշակիության սկզբունքներին։
Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՍԴ որոշման հրապարակումից հետո, Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի Քրեական օրենսգիրքն այլևս չունի 300.1 հոդված և Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։
«Ափսոսում եմ անգամ Սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ կարծիք ասել, ինձ համար 0-ից ցածր մակարդակի վրա է Սահմանադրական դատարանի դատավորների իրավագիտակցությունը, Սահմանադրության մեկնաբանությունը»,- մեր զրույցում ասաց Սեդա Սաֆարյանը՝ ենթադրելով, որ հավանաբար ՍԴ-ն չի էլ նայել, թե 2008 թվականին Ռոբերտ Քոչարյանի կողմից համաչափության, որոշակիության սկզբունքը ինչ կերպ է խախտվել:
Նա ընդգծեց՝ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականին Սահմանադրության գրեթե բոլոր նորմերը խախտել է.
«Եվ հանկարծ պարզվում է, որ այդ մարդը 300.1 հոդվածի հանցակազմում 1-ից 5 հոդվածների նորմերի որոշակիությունը եւ համաչափությունը չի պատկերացրել ու չի իմացել, որ անձի անձեռնմխելիության իրավունքը չի կարելի խախտել: 2008 թվականին, ոստիկանություններում պոլի վրա փռված են եղել քաղբանտարկյալների այսպես ասած մարմինները եւ բոլորը խոշտանգման են ենթարկվել թե՛ փողոցում, թե՛ ոստիկանությունում: Փաստորեն, մեր Սահմանադրական դատարանը, Սահմանդրությունից դուրս հարգում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների իրավունքները, իսկ այդ նույն Սահմանադրությամբ երաշխավորված ժողովրդի իրավունքների վրա թքած ունի: Կարծում եմ, ես առիթ կունենամ այդ ամեն ինչը ներկայացնել նաեւ Եվրոպական դատարան եւ թող ԵԴ-ն իմանա, թե մենք ինչ հսկա դատական համակարգ ունենք՝ հանձինս Սահմանադրական դատարանի դատավորների»,- նկատեց Սաֆարյանը:
«Այն փաստական հանգամանքների շարադրանքը, որը ՀՔԾ-ն մեղադրական եզրակացությունով դատարան է ուղարկել, ակնհայտորեն չի խոսում բացառապես սահմանադրական կարգը տապալելու՝ Ռոբերտ Քոչարյանին վերագրված հանցավոր արարքի մասին: Դա խոսում է նաեւ հանցավոր համագործակցության առկայության մասին եւ այդպիսի նկարագիր կա մեղադրական եզրակացության մեջ: Հետեւապես, կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի գործը կշարունակվի այդ նույն մեղադրական եզրակացությամբ շարադրված փաստական հանգամանքների պայմաններում եւ չի կարճվի»:
Մեր զրույցի մյուս հատվածը՝ հարցուպատասխանով.
– Այսինքն՝ ՍԴ որոշումը ազդեցություն չի՞ ունենա քննվող գործի վրա:
– Կարծում եմ՝ չի ունենա եւ չի կարճվի, որովետեւ եթե Արամ Վարդեւանյանը գտնում է, որ չկա հոդված, չկա հանցանք, ես գտնում եմ, որ կա հանցագործության դեպք եւ դրան առնչվող Ռոբերտ Քոչարյան եւ մյուսներ. հանցագործության դեպքի փաստական հանգամանքների ուժով ոչ ճիշտ արարքի որակումը դեռեւս չի խոսում այն մասին, որ հանցագործություն չի եղել: Հանցագործություն եղել է եւ արարքի որակման հետ կապված պետք է դատարանը փաստական հանգամանքները շարադրի, հրապարակի եւ մենք մեր տեսակետները արտահայտենք: Ուստի, կարծում եմ, որ այդ գործը իր շարունակությունը կստանա:
– ՍԴ որոշման հրապարակումից հետո Արամ Վարդեւանյանն ասաց, որ գործով քրեական հետապնդումը կդադարեցվի:
– Դա իրենց ցանկությունն է: Մենք երեք տարի ասում ենք, որ Սահմանադրական դատարանը մեր չարիքն է այս գործով, որովհետեւ ՀՀ բոլոր քաղաքացիները գիտեն, որ Հրայր Թովմասյանը լծված է Ռոբերտ Քոչարյանի քրեական գործը ապաքրեականացնելով: Դա արդեն տեսանք ինչ եղանակով արվեց: Եվ վստահ եմ, որ առաջին ատյանի դատավորի գրած որոշան ձեւակերպումները այդ դատավորին չեն պատկանում (խոսքը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի մասին է,-խմբ.), վստահ եմ, որ այդ որոշումը գրվել է շատ շատերի ուժերով եւ համագործակցմամբ: Մեր իշխանությունը պետք է հասկանար, որ Սահմանադրական դատարանի կոսմետիկ փոփոխությունները ոչինչ չեն տալու Հայաստանի Հանրապետությանը, առավել եւս այդպիսի կոսմետիկ փոփոխությունները, որոնց նշանակման հարցում մենք դրական կարծիք չենք ունեցել: Եթե մենք ունենայինք Սահմանադրական դատարան, ապա 2008 թվականի պատմություն չէինք ունենա, 4-5 ընտրություն կեղծիք չէինք ունենա, հետեւապես այն, ինչ մենք չենք ունեցել, դրա մասին խոսելն ավելորդ է:
– Տիկին Սաֆարյան, ձեր խոսքից ճի՞շտ հասկացա, որ գործի քննությունը կշարունակվի այնպես, ինչպես կար: Բայց արդյո՞ք ՍԴ որոշումը կատարման ենթակա չէ: ՀՀ ՔՕ 300. 1 հոդվածն անվավար է ճանաչվել, փաստացի այն չկա, չէ՞:
– Հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել իբր որոշակիություն չունենալու համար: Կարծում եմ, որ նորմի փաստացի դադարման մեկնաբանությունները կարող է տալ միայն այդ գործի ապացույցների հրապարակումը: Եթե դուք չգիտեք այդ փաստերը, ինչպե՞ս եք այդ փաստերի վրա կառուցել այլ կարգի եզրահանգում: Կարծում եմ, որ 85 հատոր քրեական գործերին ՍԴ-ն ծանոթ չէ եւ այսօրվա որոշումը դրա վառ ապացույցն է, հետեւապես այն մեղադրանքի ծավալը, որով դատարան գործ է ուղարկվել, դրա անունը 300.1 կլինի, թե 223, պիտի քննության առարկա դառնա: Արարքի որակման հետ կապված մեր տարաձայնության հանգամանքը եւ մեղադրական եզրակացությունում առկա նկարագիրը բավարար են, որպեսզի դատարանը այդ գործի քննությունը շարունակի: Այսինքն՝ այդ հոդվածի հակասահմանադրական ճանաչելը դեռեւս չի խոսում այն մասին, որ գործում ներկայացված փաստական հանգամանքները իրենց մեջ հանցավորության տարրեր չեն պարունակում:
Մենք զրուցեցինք նաեւ փաստաբան Գեւորգ Գյոզալյանի հետ: Ըստ նրա՝ Սահմանադրական դատարանն այսօրվա որոշմամբ կանխորոշել է քրեական գործի հետագա ճակատագիրը: «Ես ՍԴ որոշմանը չեմ ծանոթացել, բայց ենթադրում եմ, որ ըստ ՍԴ-ի՝ քանի որ այդ հոդվածով է մեղադրանք առաջադրվել եւ այդ հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել, ապա մեղադրանք չէր կարող առաջադրվել: Բայց պետք է սպասել ՍԴ որոշմանը եւ տեսնել՝ արդյո՞ք դիմողի նկատմամբ ենթակա է վերանայման ինչ-որ դատական ակտ: Մինչեւ չծանոթանանք ՍԴ որոշմանը, հստակ գնահատական չենք կարող տալ»,- ասաց Գյոզալյանը: Հարցին՝ սա նշանակում է, որ Քոչարյանի նկատմամբ այդ հոդվածով քրեական հետապնդումը կդադերցվի՞, Գյոզալյանը պատասխանեց, որ ՍԴ որոշման բովանդակությունից է կախված քրեական հետպնդումը կդադարեցնե՞ն, թե՞ մեղադրանքը կլրացնեն, կամ կփոփոխեն. «Շատ վաղ է հիմա դրա մասին խոսել, քանի դեռ այդ որոշումը չի հրապարակվել»,- եզրափակեց Գյոզալյանը:
Սահմանադրական դատարանից տեղեկացանք, որ որոշումը ՍԴ կայքում կհրապարակվի երկուշաբթի: Այսօր չհրապարակվեց նաեւ դատավոր Երվանդ Խունդկարյանի հատուկ կարծիքը՝ որոշման մասին: