Հայաստանում ռազմական դրությունը վերացվեց.
Խորհրդարանը վերացրեց Հայաստանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների հեղինակած՝ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագծին կողմ քվեարկեց 118, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
Հիշեցնենք՝ նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել էր, որ ռազմական դրությունը սահմանափակում է ընդդիմության իրավունքները, ժողովրդավարությունը երկրում, քանի որ մի շարք համայնքներում ընտրություններ չեն կազմակերպվում: Նրա խոսքով՝ գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել հարցին, քանի որ այդ պահին քաղաքական ուժերը դեռևս չէին բանակցել, իսկ այժմ կա հանգուցալուծում՝ հայտարարվել է արտահերթ ընտրությունների օրը:
Նշենք՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսելու հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Հայաստանում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք, խորհրդարանը հավանության արժանացրեց Կառավարության առաջարկությունը: