Սպիտակ տան խոսնակի մակարդակով նշվեց՝ Բայդենը չի ափսոսում ասվածի համար. Հակոբ Բադալյան
Հայաստանում բավարար չափով չնկատվեց Պուտինի հասցեին Բայդենի գնահատականը՝ մարդասպան: Ընդ որում, եթե նախապես հնարավոր էր ենթադրել, թե տարիք է, պահի տակ ինչ որ բան է ասվել, ապա հետո Սպիտակ տան խոսնակի մակարդակով նշվեց՝ Բայդենը չի ափսոսում ասվածի համար:
Պակաս հետաքրքիր չէր Պուտինի արձագանքը՝ «ով ինչ ասում է, ինքն է», եւ «մաղթում է Բայդենին առողջություն»: Նկատեք, առողջություն: Հեգնական քաղաքավարությու՞ն էր, թե՞ ինչ որ ակնարկ, օրինակ Նավալնու առիթով, որի թունավորման դեպքից հետո փաստորեն սկսվել է Արեւմուտք-ՌԴ դիմակայության լարվածության նոր փուլը: Պուտինի ռեակցիան բավականին բազմիմաստ էր: Մի կողմից «ինքդ ես» մանկական «օբորոտկան»՝ որը վկայում է թերեւս շփոթվածության, ինչ ասել չիմանալու եւ նաեւ մտահոգության մասին, մյուս կողմից առողջության բազմիմաստ մաղթանքը, որը բխում է թերեւս հենց մտահոգությունից: Պուտինը հո գիտե, որ Բայդենը չի ասել հենց այնպես, բայց չգիտե, թե հատկապես ինչի՞ հիման վրա է ասել: Բայդենի խոսքում նա տեսնում է երեւի թե առաջիկա որեւէ աղմկոտ անակնկալի սպառնալիք, եւ թերեւս իր հերթին փորձում տպավորություն թողնել Բայդենի առողջության բազմիմաստ ակնարկով:
Չմոռանանք, ընթացքի մեջ է Ուկրաինայի երկնքում Դոնբասի տարածքից ռուսական ԲՈՒԿ-ով խոցված մալայզիական օդանավի քննությունը:
Բոլորովին պատահական չէ նաեւ այն, որ Էրդողանը որոշում է պաշտպանել Պուտինին Բայդենից, ասելով, թե պետության ղեկավարների մակարդակում վայել չէ այդպիսի բաներ ասելը: Ըստ ամենայնի Էրդողանն էլ ունի թերեւս այդ մակարդակում որեւէ նախադեպի տագնապ:
Էս ամենը թվում է մեզանից հեռու, բայց համոզված եմ՝ առավել եւս մեր քաղաքական դասի գերակշռող մասի որակական հատկանիշներից ելնելով, որ այդ ամենը մեր երկրի ճակատագրին ավելի մոտ է, քան Հայաստանի ներքաղաքական կյանքի որեւէ դրվագ ինքնին: