Դավիթ Գալստյանը դատի է տվել «Ազատություն» ռադիոկայանին. Armtimes

DAvo Hrayr

«Royalsys Engineering» ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) դատի է տվել «Ազատություն» ռադիոկայանին եւ ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին: Այս մասին Armtimes.com-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Գալստյանը պահանջում է պատվին, արժանապատվությանը պատճառված վնասը հատուցել եւ զրպարտություն համարվող փաստական տվյալները հրապարակայնորեն հերքել:

Հայցը ներկայացվել է մարտին 9-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանին:

Գալստյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, թե հայցի պատճառն այն է, որ «Ազատություն» ռադիոկայանը փետրվարի 7-ի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի ընթացքում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հրապարակել:

«Նշել են, թե իմ վստահորդը հանդիսանում է պաշտպանության նախարարի խորհրդական, որն իրականության հետ որեւէ աղերս չունի: Դավիթ Գալստյանը երբեք որեւէ նախարարի ո՛չ խորհրդական, ո՛չ օգնական չի եղել: Գտնում ենք, որ դա շահարկման տեղիք է եւ հարկ ենք համարում նշել, որ այդ ինֆորմացիան պետք է առնվազն հերքվի լրագրողի կողմից»,- ասաց Ասատրյանը:

Հարցին՝ որքա՞ն փոխհատուցում են պահանջում, Ասատրյանը պատասխանեց. «Մենք 1 դրամի չափով փոխհատուցում ենք պահանջում: Մեր սկզբունքն այն է, որ մարդու պատիվն ու արժանապատվությունը անգնահատելի են, հետեւաբար չի կարող որեւէ գումարային սանդղակով չափելի լինել: Հետեւաբար սիմվոլիկ գումար ենք պահանջում»:

Ձեզ կեհաքրքրի...