Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը վարչապետի իրավասության և հայեցողության շրջանակում է. Նախագահի աշխատակազմ

Ashxatakazm

Հանրապետության նախագահի գլխավոր նպատակը Սահմանադրության շրջանակում իրավիճակի արագ և անցնցում հանգուցալուծումն է: Նախագահի աշխատակազմից պատասխանել են Փաստաբանների պալատի պահանջին՝ տեղեկացրել է Արա Զոհրաբյանը: 

Հիշեցնենք՝ Փաստաբանների պալատը պահանջ էր ներկայացրել նախագահին, որում նշված էր, որ «ստեղծված իրավիճակում նախագահ Արմեն Սարգսյանը վեճը պետք է ներկայացնի Սահմանադրական դատարանի քննությանը՝ ցույց տալով վեճերի լուծման քաղաքակիրթ ճանապարհը»:

Նախագահի աշխատակազմից հիշեցրել են, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկության առնչությամբ նախագահը հայտարարել է, որ հրամանագրի նախագիծը հակասում է Սահմանադրությանը և ներկայացրել է իր առարկությունները:

«Վարչապետի կողմից առարկությունները չընդունելու հիմնավորումները ստանալուց հետո նախագահը հայտնել է, որ չի ստորագրելու հրամանագրի նախագիծը և դիմելու է ՍԴ «Զինվորական ծառայության և և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականության համապատասխանությունը որոշելու խնդրանքով: Նախագահը հուսով է, որ ՍԴ որոշումը իրավական որոշակիություն կբերի և կնպաստի ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:

Ներկայում, Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը՝ թե՛ իրավական ընթացակարգերի, թե՛ սահմանադրական պատասխանատվության և թե՛ քաղաքական հետևանքների առումով գտնվում է վարչապետի իրավասության և հայեցողության շրջանակում»,- ասված է նախագահի աշխատակազմի պատասխան նամակում:

Ձեզ կեհաքրքրի...