BMW-ով բախվել է արգելապատնեշներին, 30 մետր օդով առաջ ընթանալով՝ կոտրել զինկոմիսարիատի երկաթե ճաղավանդակներն ու կողաշրջվել.

BMWov

 Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը  04:30-ի սահմաններում Երևանի Սարի Թաղի բնակիչ, 33-ամյա Արկադի Ղուկասյանը իր վարած BMW մակնիշի  10 XN 101 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղուց դեպի Հալաբյան փողոց ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ արգելապատնեշներին, կոտրել դրանք,  այնուհետև երկաթե արգելապատնեշին և մոտ 30 մետր օդով առաջ ընթանալով, բախվել է Հալաբյան փողոցում գտնվող Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման (ժողովրդին հայտնի Մաշտոցի զինկոմիսարիատի) երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և մոտ 1 մետր բարձրությունից կողաշրջված վիճակում հայտնվել ստորաբաժանման տարածքում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը,   վթարի հետանքով Ա. Ղուկասյանը տեղում մահացել է, իսկ ուղևորուհին՝  Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Ազատուհի Ղարիբյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է:  Դեպքի վայր է ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանը:   Դեպքի վայրում հավաքվածներն  էլ նշում էին, որ վիրավորին ինքն է ուղեկցել հիվանդանոց: Տեղում  ուժեղացված ծառայություն են կատարել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչներ Հարություն Թագվորյանն ու Արմեն Դումանյանը:  Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հեթապահ   Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային  հանցագործությունների քննության բաժին, որտեղից  ժամանել է  քննչական խումբը՝ բաժնի պետ  Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Վարդանյանի  գլխավորությամբ:  Փաստի առթիվ Տ. Վարդանյանի որոշմամբ հարուցվել  է  քրեական գործ  ՀՀ քր օր-ի 242 հոդվածի  3-րդ մասի  (ճանապարհատրանսպպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է  2 և ավելի մարդու մահ ) հատկանիշներով:  Ավտոմեքենան փրկարարներն ու քաղաքացիները դարձի են բերել, ապա քարշակի միջոցով՝ քննիչի հանձնարարականով,  տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

shamshyan.com

Ձեզ կեհաքրքրի...