Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Օնիկ Գասպարյանի հետ. խոսնակ

Arayik

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը մեկնաբանել է Երևանում Արայիկ Հարությունյանի միջնորդական ջանքերի վերաբերյալ որոշ հրապարակումներ՝ նշելով, որ նա հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ: Ինչպես հայտնում է «Արմենպրեսը», մեկնաբանության մեջ, մասնավորապես, ասված է.

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումների մասին այն տեղեկատվությունը, թե իբր նա ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից «պահանջում» է հրաժարական տալ, իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում։

Նախօրոք հայտարարած՝ միջնորդության պատրաստակամությանը համապատասխան՝ նախագահ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ, նրանց հետ քննարկել է առկա իրավիճակի հաղթահարման հետ կապված որոշ հարցեր՝ հիմք ընդունելով Հայաստանի ու Արցախի ներքին կայունության ու արտաքին անվտանգության առաջնահերթությունները: Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ ընդհանրապես չի քննարկվել հրաժարականի հարցը, և որևէ ճնշման մասին խոսք չի կարող լինել:

Ինչ վերաբերում է տվյալ հանդիպման ձևաչափին, ապա դրան մասնակցել է ոչ միայն ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, այլ նաև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և մեկ այլ պաշտոնատար անձ:

Հանրապետության նախագահը, ինչպես և հայտարարել էր, շարունակում է չեզոքություն պահպանել ՀՀ ներքաղաքական զարգացումների նկատմամբ, և նրա միջնորդական ջանքերն ուղղված են ճգնաժամի հաղթահարմանը՝ սահմանադրական, խաղաղ ու քաղաքակիրթ եղանակներով: Հատկապես ընթացիկ պայմաններում ապակայունությունը, արյունահեղությունն ու ատելությունը Հայրենիքը տանելու են պարզապես կործանման ճանապարհով»:

Ձեզ կեհաքրքրի...