ԱՄՆ-ի հայկական համայնքը մտադիր է «պատժել» Պակիստանին. այն ֆինանսավորում է վարձկաններին Արցախում
ԱՄՆ-ի հայկական ամենամեծ քաղաքական կազմակերպությունը ֆինանսների նախարար Ջանեթ Յելենին կոչ է արել պահանջել, որպեսզի Պակիստանը ներառվի փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցառումների մշակման խմբի (FATF) սեւ ցուցակում: Հայ ակտիվիստները պնդում են, որ Պակիստանը ֆինանսավորում է իսլամական վարձկաններին Արցախում: Այս նախաձեռնությունն առաջ է քաշվել FATF լիագումար նիստի նախօրեին: Դրա մասնակիցները պարզելու են՝ արդյոք Պակիստանը համարժե՞ք միջոցներ է ձեռնարկել ահաբեկչության ֆինանսավորումը վերահսկելու համար: FATF համաժողովը տեղի կունենա Փարիզում, փետրվարի 22-25-ը:
Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից կռված վարձկանները Պակիստանից գումար են ստանում: FATF-ը, որը ստեղծվել է 1989 թ.` միջազգային ֆինանսական համակարգում «կեղտոտ փողերը» բացահայտելու համար, միջազգային որեւէ կազմակերպության կառուցվածքի մաս չի կազմում, բայց կապեր է պահպանում ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Համաշխարհային բանկի, Ինտերպոլի եւ այլ միջազգային կառույցների հետ: Այն ներառում է 37 պետություն եւ տարածաշրջանային երկու կազմակերպություն: Ռուսաստանը խմբի լիիրավ անդամ է դարձել 2003 թվականին: Այս մասին հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»:
2018 թվականից Պակիստանը գորշ ցուցակում է: Նրա դեմ առարկությունները մեկ անգամ չեն քննարկվել նիստերի ընթացքում, բայց դա չի հանգեցրել նրան, որ այդ երկիրը հայտնվի սեւ ցուցակում: Համաձայն «FreeNews.AM»-ի՝ պատերազմում Ադրբեջանի կողմից դեր են խաղացել պակիստանցի զինվորները: Երկու ադրբեջանցու հեռախոսազրույցը հաստատել է, որ պակիստանցի զինվորականները ներկա են եղել հակամարտության շրջանում:
Ինչպես տեղեկացրել է «Featured news Reports» կայքը, Թուրքիան շատ ավելի բացահայտ է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ Ղարաբաղ ուղարկելով սիրիացի ապստամբների երկու խումբ՝ ընդհանուր առմամբ շուրջ 2,5 հազար մարդ: Ֆրանսիան պաշտպանել է այդ վարկածը՝ Թուրքիային մեղադրելով Սիրիայից ռազմական գործողությունների գոտի ջիհադիստներ ուղարկելու մեջ:
Եվ Թուրքիան, եւ Պակիստանը երկար տարիներ քաղաքականապես մոտ են եղել Ադրբեջանին: 1991-ին անկախություն հռչակելուց հետո նրանք դարձան Ադրբեջանը ճանաչած առաջին եւ երկրորդ երկրները:
Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մահմուդ Կուրեշին կրկին հաստատել է Իսլամաբադի ավանդական դիրքորոշումն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում: Կուրեշին ասել է, որ Պակիստանը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ նրա գերիշխանությունը Լեռնային Ղարաբաղում:
Եթե Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի առաջ քաշած մեղադրանքները հաստատվեն, Պակիստանի վիճակը FATF-ում շատ ավելի կբարդանա: Նրա հույսը, որ գորշ ցուցակում գտնվելու վերջը կգա, չի արդարանա:
Ի տարբերություն Պակիստանի, Հնդկաստանը զգույշ եւ չեզոք քաղաքականություն է վարել Հարավային Կովկասի տարածաշրջանում: Նա չեզոքություն է պահպանել, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը աջակցել է Պակիստանին՝ Քաշմիրի հարցում Դելիի պատմական հակառակորդին:
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Սերգեյ Լունեւը «Նեզավիսիմայա գազետայի» թղթակցի հետ զրույցում նշել է. «Ահաբեկչական գործունեության տեսանկյունից Պակիստանը Ռուսաստանի համար գլխավոր սպառնալիքներից մեկն է: Այդ պետությունն ակտիվորեն պաշտպանում է իսլամական գրոհայիններին ողջ Ասիայում: Պակիստանի կառավարությունը միշտ հայտարարում է, որ ահաբեկչության գաղափարներին նվիրված են առանձին քաղաքացիներ, իսկ պետությունը դատապարտում է ահաբեկչությունը: Սկզբունքորեն դրա հետ կարելի էր համաձայնվել, սակայն բանն այն է, որ Պակիստանում քաղաքական գլխավոր դերակատարը բանակն է: Քաղաքացիական կառավարությունը զգայուն հարցերի վերաբերյալ բանակից ոչ մի տեղեկատվություն չի ստանում: Իսկ բանակը ահաբեկչության գլխավոր հովանավորներից է: Ավելի ստույգ՝ դա անում է միջգերատեսչական ռազմական հետախուզությունը: Այդ մասին շատ տեղեկություններ են հրապարակվել: Նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆն իր հուշերում գրել է իսլամական ահաբեկչական կազմակերպությունների հետ զինվորականների կապերի մասին: Իսլամական խմբավորումների հետ հետախուզության կապերի մասին խոսել են նաեւ ԱՄՆ-ի պաշտոնական դեմքերը»:
Հարկ է հիշեցնել, որ հենց պակիստանյան հետախուզությունն է ստեղծել «Թալիբան» շարժումը: Շատ բանով հենց նրա շնորհիվ է հիմնադրվել «Ալ Քաիդան»: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ խորհրդային զորքերն Աֆղանստանում էին: Այդ փաստն ընդգծել է փորձագետը: «Ալ Քաիդան» ֆինանսավորվել է Սաուդյան Արաբիայի կողմից: Իսկ նրա առաջնորդ Ուսամա բեն Լադենը հավաքագրվել է ԿՀՎ-ի կողմից: Հետո, ճիշտ է, վերջինս անցել է Միացյալ Նահանգների թշնամիների կողմը:
«Պակիստանի բանակը զինյալներ է պատրաստում իր տարածքում՝ Քաշմիրում: Այդ երկրի ռազմական հետախուզության կապերը տարածվում են Կենտրոնական Ասիայի եւ նույնիսկ Չինաստանի՝ ույղուրական ծայրահեղականների վրա: Պարադոքս է, բայց այստեղ Չինաստանը չի խանգարում նրանց: Այնպես որ, հայկական սփյուռքը միանգամայն արդարացիորեն է պահանջում, որ Պակիստանը պատասխանատվություն կրի Ղարաբաղում պատերազմին միջամտելու համար»,-շեշտել է Լունեւը:
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ