Մեծ թափով շարունակվում է Սևանի՝ «կապանքներից ազատման» գործընթացը. Ռոմանոս Պետրոսյան
Մեծ թափով շարունակվում է Սևանի՝ «կապանքներից ազատման» գործընթացը
Իմ հանձնարարականով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակա ափամերձ տարածքներում շարունակվում է ապօրինի շենք շինությունների, տաղավարների, պարիսպների ապամոնտաժման ու տարածքներն աղբից մաքրելու գործընթացը։
Այս փուլում ապամոնտաժվում են 1901.5 մետր նիշից ներքև գտնվող ապօրինի կառուցված շենք-շինություններ, հանգստի գոտիների պարիսպներ, քարաշեն կիսակառույցներ, երկաթյա տնակներ ու տաղավարներ։
Ներկայումս աշխատանքներն իրականացվում են Սևանի հանրային լողափում, հանրային լողափից դեպի թերակզի ընկած ափամերձ և Սևանի նավամատույցի հարևանությամբ գտնվող լճափնյա հատվածներում։
Սևանա լճի ու դրա ջրհավաք ավազանի ջրային պաշարների, կենդանական և բուսական աշխարհի, էկոլոգիական ենթահամակարգերի անխաթարության ապահովման գործում անչափ կարևոր ու առանցքային է ափամերձ հատվածներում տնտեսվարման պատշաճ վերահսկողությունն ու ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժումը։
Բավականին մեծածավալ աշխատանքներ են ընթանում, սակայն դրանց ծավալը կախված է նաև «Սևան» ազգային պարկի սեփական կարողությունների ոչ բավարար հզորության հետ։ Արդեն մեկնարկել ենք այդ կարողությունների ընդլայնման և հզորացման գործընթացը․ շուտով ձեռք կբերվի նոր տեխնիկա, որի կիրառմամբ էլ ավելի մեծ թափով կընթանան լճի առափնյա հատվածներն արժանավայել տեսքի բերելու և կարգուկանոն հաստատելու աշխատանքները։
#Պաշտպանված_շրջակա_միջավայր ունենալու’ ենք։