Երկու երիտասարդ կանանց մեղադրանք է առաջադրվել սպառնալիքով շորթում կատարելու համար

shortum

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու երիտասարդ կանանց կողմից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 21 և 26-ամյա կանայք 2019 թ. օգոստոսին ծանոթացել և մինչև նոյեմբեր բազմիցս հանդիպել են Երևանի 34-ամյա բնակչի հետ: Այնուհետև վերջինիս մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով շորթում կատարելու շուրջ համաձայնության գալով՝  մինչև 2019 թ. դեկտեմբերի 27-ը պարբերաբար պահանջել և մաս-մաս ստացել են խոշոր չափերի հասնող՝ ընդհանուր շուրջ 1.000.000 ՀՀ դրամ: 2020 թ. հունվարի 10-ին, նույն սպառնալիքով հերթական 50.000 ՀՀ դրամ գումարը շորթելու պահին, 26-ամյա կինը Երևան քաղաքի Թևոսյան փողոցից բերման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շորթված գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ երիտասարդ կանանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթումը) 2-րդ մասի 2-րդ և 3.1 կետերով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ձեզ կեհաքրքրի...