Ստեղծվել Է Նոր Սարք, Որը Կարող Է Ճանաչել Մարդու Ժեստերը

Jester

Բերկլիի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ստեղծել են նոր սարք, որն արհեստական բանականության շնորհիվ ձեռքի էլեկտրական ազդանշանների հիման վրա կարողանում է տարբերակել ժեստերը։ Ապագայում դա կարող է օգտագործվել նոր սերնդի պրոթեզների և էլեկտրական սարքերի կառավարման համար։

Սարքն, ըստ էության, կենսասենսորների և ԱԲ-ի վրա հիմնված ծրագրային ապահովման համադրություն է, որը ի վիճակի է ընկալելու այն ազդակները, որոնք առաջանում են որևէ ժեստ ցույց տալու ժամանակ։ Ի տարբերություն նմանատիպ նախորդ համակարգերի, այս սարքն ունի էական առավելություններ։

Դրանցից մեկը նեյրոնների աշխատանքն ընդօրինակող ալգորիթմն է, որի միջոցով նոր տեղեկատվություն ստանալուն պես սարքը թարմացվում է (օրինակ՝ ձեռքի քրտնելու ժամանակ էլեկտրական ազդակների փոփոխությունները): Գիտնականները նաև նշում են, որ իրենց հաջողվել է զգալիորեն բարելավել ժեստերի տարբերակման ճշգրտությունը․ փորձարկումների ժամանակ ալգորիթմը անսխալ տարբերակել է  21 ժեստ՝  ներառյալ թվերի հաշվարկը, բռունցքը և բարձրացրած բութ մատը։ Ալգորիթմի աշխատանքը բարելավելու համար գիտնականները սարքն ամրացրել են փորձարկվողի նախաբազկին և հրահանգել նրան ցույց տալ տարբեր ժեստեր, ինչի հիման վրա էլ ալգորիթմը յուրացրել է շարժումները։

Սարքի կենսասենսորների համակարգը տրաֆարետային տպագրության միջոցով տեղադրված է բարակ պոլիմերային թաղանթի (Polyethylene terephthalate) վրա, որը նաև օգտագործվում է սինթետիկ մանրաթելերի և պլաստմասե տարաների պատրաստման ժամանակ։ Հետազոտողներն այս նյութը ընտրել են, քանի որ այն իր ճկունության շնորհիվ հեշտ է հարմարվում նախաբազկի մկանների շարժումներին։ Կենսասենսորների մատրիցան բաղկացած է 64 էլեկտրոդներից, որոնցից յուրաքանչյուրն արձանագրում է թևի տարբեր կետերից ստացած էլեկտրական ազդանշանները։ Այդ բոլոր տվյալները մշակվում են սարքի մաս հանդիսացող էլեկտրական չիպում, որը, օգտագործելով բարդ ալգորիթմը, ստացած ազդանշանները համապատասխանեցնում է ձեռքի կոնկրետ ժեստերին։ Սա մի կողմից արագացնում է սարքի աշխատանքը, մյուս կողմից էլ ապահովում է գաղտնիությունը՝ պաշտպանելով սարքն օգտագործողի կենսաբանական տվյալները։

Սարքի հեղինակները համոզված են, որ անվտանգության ու արդյունավետության նման աստիճանը  կնպաստեն սարքի լայնամասշտաբ օգտագործմանը՝ ոչ միայն պրոթեզների, այլ նաև մարդ-համակարգիչ փոխգործակցությունը բարելավելու համար։

Հոդվածը տպագրվել է Nature Electronics ամսագրում։

 

ita.am

Ձեզ կեհաքրքրի...