«Լենովո» ընկերությունը պատասխանատվության է ենթարկվել անբարեխիղճ մրցակցության համար
«Լենովո» ընկերությունը պատասխանատվության է ենթարկվել անբարեխիղճ մրցակցության համար
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Օազիս կոմպյուտեր» ՍՊԸ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում «Լենովո (Բեյջին) Լիմիթեդ» ընկերության նկատմամբ անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար նախազգուշացում է կիրառել:
Մասնավորապես անբարեխիղճ մրցակցության դրսևորում է որակվել Հայաստանի Հանրապետություն «Lenovo» ապրանքային նշանով մակնշված ապրանքներ ներմուծող տնտեսվարող սուբյեկտներին ներմուծման թույլտվություն տալու հարցում հստակ սահմանված պահանջվող փաստաթղթերի, տեղեկատվության տեսակների ցանկի, գնահատման չափորոշիչների բացակայությունը, ինչպես նաև կամայականության դրսևորումը:
Վարույթի քննությամբ պարզվել է, որ «Լենովո» ընկերությունը, հնարավորություն ունենալով միակողմանիորեն ազդելու «Lenovo» ապրանքային նշանով մակնշված ապրանքները ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստանի Հանրապետություն ներկրելու ընդհանուր պայմանների վրա, ինչպես նաև նպատակ ունենալով կրճատելու այդ ապրանքային նշանով մակնշված ապրանքներ ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստանի Հանրապետություն ներմուծող տնտեսվարող սուբյեկտների քանակը, արգելել է «Օազիս կոմպյուտեր» ՍՊ ընկերությանը տնօրինել, տիրապետել և օգտագործել հայտարարագրով ձևակերպված ապրանքները:
«Լենովո (Բեյջին) Լիմիթեդ» ընկերությանը հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում շտկել օրենքի խախտումը՝ սահմանելով «Lenovo» ապրանքային նշանով մակնշված ապրանքների ներմուծումը թույլատրելու գործընթացի վերաբերյալ անաչառ, ողջամիտ և ոչ խտրական սկզբունքների վրա հիմնված, իրավաչափ նպատակ հետապնդող պայմաններ, որոնց բացակայնության պայմաններում տնտեսվարող սուբյեկտները կանգնում են զգալի ֆինանսական կորուստներ կրելու, ինչպես նաև շուկայից դուրս մղվելու ռիսկի առաջ:
Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ կից՝ http://www.competition.am/…/resources/Vo369_17_12_2020.pdf
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողով