Մաղթում եմ Հայաստանին ապրել խաղաղ և անվտանգ. Ֆրանսիայի դեսպան
ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ Հայաստանին մաղթելով ապրել խաղաղ և անվտանգ:
«Թանկագին հայ ընկերներ
Հայաստանաբնակ թանկագին հայրենակիցներ
Հայաստանի համար այսքան փորձություններով լի 2020 թվականի ավարտին մտքով առաջին հերթին այն ընտանիքների հետ եմ, որոնց օջախներում սեղանի շուրջ աթոռներից մեկը դատարկ կմնա:
Այժմ տոնակատարության ժամանակը չէ, բայց առավել քան երբևէ կցանկանայի կիսվել այն հույսով, որն այս երկիրը շարունակում է ինձ ներշնչել:
Մաղթում եմ Հայաստանին ապրել խաղաղ և անվտանգ` առանց վախենալու տեսնել կրկին առաջնագիծ մեկնող իր երիտասարդներին:
Իր պատմությունը հազարամյակներով չափող Հայաստանին մաղթում եմ վստահություն ունենալ իր ապագայի հանդեպ:
Մաղթում եմ Հայաստանին երբևէ չկասկածել իր գեղեցկությանը, իր ուժին և տաղանդին:
Մաղթում եմ հայերին զերծ մնալ տարաձայնություններից և վայրագ հողմերից:
Մաղթում եմ հայերին միասին նույն ուղղությամբ նայել:
Մաղթում եմ հայերին հպարտ լինել՝ այս երկիրն իրենց զավակներին ավանդելու համար:
Մաղթում եմ Ֆրանսիային լինել Հայաստանի կողքին:
Մաղթում եմ Ֆրանսիային հիշել, թե ինչ են իրեն տվել հայերը:
Մաղթում եմ ֆրանսիացիներին գալ Հայաստան կամ երբեմն այստեղ իրենց հայացքը սևեռել։
Մաղթում եմ ֆրանսիացիներին միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանն է դեռևս սիրում մեզ:
Յուրաքանչյուրին մաղթում եմ, որ 2021 թվականը լինի խաղաղության, երջանկության և բարգավաճման տարի»,- ասված է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի ուղերձում։