Բարեգործական հիմնադրամի տնօրենին մեղադրանք.
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքում գործող բարեգործական հիմնադրամներից մեկի տնօրենի կողմից փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքերի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ նշված բարեգործական հիմնադրամի տնօրենը, օժտված լինելով հիմնադրամի ֆինանսական միջոցները տնօրինելու, կառավարելու և կանխիկացնելու իրավասությամբ, հիմնադրամի սեփականությունն ի շահ իրեն օգտագործելու նպատակով, 2012-2014թթ. ընթացքում Դավթաշեն համայնքի մի շարք բնակիչների անվամբ կազմել է կեղծ բովանդակությամբ դիմումներ՝ բարեգործական հիմնադրամից իբր ֆինանսական օգնություն ստանալու վերաբերյալ:
Այնուհետև նրանց փոխարեն ստորագրելով՝ կազմել է կեղծ վճարային փաստաթղթեր՝ ելքի օրդերներ և բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ տեղեկանքներ: Նշված փաստաթղթերի հիման վրա՝ բարեգործական հիմնադրամի տնօրենը հիմնադրամի բանկային հաշվից կանխիկացրել և վերոնշյալ անձանց տրամադրելու փոխարեն յուրացրել է առանձնապես խոշոր չափերով՝ 13.099.254 ՀՀ դրամ՝ հիմնադրամին պատճառելով գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ բարեգործական հիմնադրամի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: