Ռազմական գործողություններին մասնակցածների երթևեկության խախտումների համար տույժերը կչեղարկվեն

chexakrum

 ՀՀ Կառավարությունը մտադիր է համաներել ռազմական գործողությունների հետևանքով սեպտեմբերի 27-ից դեկտեմբերի 27-ը ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի օրենսդրության մի շարք հոդվածների խախտումների համար վարչական տույժ նշանակելու մասին որոշումները:

ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը նշեց, որ խնդրի երկու լուծում է առաջարկվում:

«Առաջարկում ենք մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված վարչական տույժերի համաներման մասին օրենքի ընդունում, որի նախագիծն արդեն իսկ նախնական տարբերակով պատրաստ է, իսկ երկրորդ կարգավորումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում արդեն իսկ առկա հոդված 17-ով կարգավորվող ծայրահեղ անհրաժեշտության կիրառումն է: Հետևաբար, որ տարբերակն էլ որ ընդունելի լինի, պատրաստ ենք դրանց կատարմանը»,- նշեց Ֆիդանյանը:

 Վարչապետը հիշեցրեց, որ օրեր առաջ Գորայք համայնքում քաղաքացիներից մեկը նման հարց էր բարձրացրել՝ նշելով, որ պատերազմի ծայրահեղ անհրաժեշտությունից կախված երթևեկության խախտումների տուգանքներ են գալիս: Կառավարությունն էլ արագ արձագանքում է դրանք չեղարկելու խնդրանքին:

«Ցավոք սրտի, նման որոշումների ընդունման պարագայում միշտ էլ լինում են դեպքեր, երբ տվյալ արտոնության շահառու չհանդիսացող անձինք փորձում են օգտվել այդ արտոնությունից: Հետևաբար՝ շատ կարևոր, որ մենք կարողանանք հնարավորինս արագ ռազմական գործողությունների մասնակիցներին նույնականացնել և դա պաշտոնապես հաստատել, որ չունենանք երկու իրավիճակ, որոնք հավասարաբար տհաճ են. առաջինը՝ ռազմական գործողություններին չմասնակցած անձինք չկարողանան այդպիսի անվան ներքո հանդես գալ և օգտվել ամենատարբեր արտոնություններից, և երկրորդը՝ ռազմական գործողություններին մասնակցած անձինք ստիպված չլինեն չափից երկար սպասել, որ իրենց մասնակցության փաստը հաստատվի»,- նշեց Փաշինյանը՝ կարևորելով պաշտպանության նախարարության արդյունավետ ու արագ աշխատանքը:

Ձեզ կեհաքրքրի...