Գյումրի քաղաքում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է. երեք անձի մեղադրանք է առաջադրվել

komite

2020թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 23:40-ին, Գյումրի քաղաքի բնակիչը ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից` դիմակավորված երկու անձինք մտել են բնակարան, քաշքշել են 73-ամյա մորը, գցել գետնին, կպչուն ժապավենով կապել նրան ու այդ պահին բնակարանում գտնվող երկու հարևանուհիներին և դանակի գործադրմամբ սպառնալիքներ հնչեցնելով՝ հափշտակել գումար և հեռացել տանից: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած և վերջիններիս օժանդակած անձանց ինքնությունը:

Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավազակային հարձակումն իրականացվել է Գյումրի քաղաքի 37 և 26 տարեկան բնակիչների կողմից, որոնց օժանդակել են տարեց կնոջ վերոհիշյալ հարևանուհիները:

Իրականացված միջոցառումների արդյունքում 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակային հարձակում) 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հարևանուհիներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ (ավազակությանն օժանդակելը) հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով. նրանք դեպքի հանգամանքների շուրջ տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած չորրորդ անձին՝ 37-ամյա տղամարդուն, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ձեզ կեհաքրքրի...