Ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է

Vazgen

 ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։ 

Սաղաթելյանը պնդեց՝ Վազգեն Մանուկյանն իր հմտություններով, անցած ճանապարհով, կենսագրությունով այն մարդն է, ով երկրին կբերի կայունություն և կկարողանա առաջիկայում կազմակերպել արտահերթ ընտրություններ։

Սաղաթելյանն ասաց՝ շաբաթ օրը հրավիրված իրենց հանրահավաքում Մանուկյանը մանրամասն ելույթ կունենա։ Սաղաթելյանը նաև հավելեց՝ Վազգեն Մանուկյանը չի մասնակցի արտահերթ խորհրդարաական ընտրություններին, որը, ըստ ընդդիմության, պետք է իրականացվի ժամանակավոր կառավարություն ստեղծելուց հետո։ ՀՅԴ ներկայացուցիչը համոզված է՝ Նիկոլ Փաշինյանը ստիպված է հեռանալու․

«Պետք է տեղի ունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ, որը կքննարկի Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը»։

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր հերթին հավելեց՝ ընտրվելուց հետո Վազգեն Մանուկյանը կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, դառնալու է ապակուսակցական վարչապետ։ «Մենք անպայման մասնակցելու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին և ձգտելու ենք հասնել մեծամասնության»։ Արթուր Վանեցյանի խոսքով՝ Վազգեն Մանուկյանը մեծ ավանդ ունի բանակաշինության գործում և իր անցած ճանապարհով ու ունեցած փորձով կարող է նստել բանակցային սեղանի շուրջ և լուծել մեր երկրի առաջ ծառացած խնդիրները։

«Իր առաջիկա անելիքների մասին Վազգեն Մանուկյանը կհայտարարի առաջիկա հանրահավաքում»,-ասաց Վանեցյանը։ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը վստահեց,ո ր «Իմ քայլը» խմբակցությունում կան պատգամավորներ, ովքեր ունեն պետական մտածողություն և հասկանում են, որ այսօր մենք ունենալու ենք ողբերգական իրավիճակ հատկապես տնտեսական ոլորտում։ Տոնոյանը վստահություն հայտնեց, որ տեխնիկական որոշ խնդիրների վերացումից հետո հասնելու են Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր 17 կուսակցություններն այսօր նիստ են հրավիրել, ձևավորել «Հայրենիքի փրկության խորհուրդ»։

Ձեզ կեհաքրքրի...