Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, դատարանում ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, շարունակվում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստը։
Դատավոր Վահե Միսակյանը, ներս հրավիրելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին, տեղեկացրեց, որ այս պահից սկսած՝ թույլատրում է նիստի տեսա եւ լուսանկարահանում, այդ թվում՝ ուղիղ հեռարձակմամբ։ Հիշեցնենք՝ ավելի վաղ դատավորը դուրս էր հրավիրել լրագրողներին՝ նիստի մի հատված դռնփակ անցկացնելու հարցը քննարկելու համար։ Ըստ էության՝ որոշվեց, որ նիստը շարունակվելու է դռնբաց։
Այնուհետեւ դատավորը ճշտեց՝ կողմերը բացարկի կամ այլ միջնորդություններ ունե՞ն, թե՞ ոչ։ Մեղադրանքի կողմը այդպիսիք չուներ, իսկ պաշտպանական կողմը ուներ։ Մասնավորապես՝ պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդություն ներկայացրեց արագացված դատական քննության անցնելու մասին։ Նա հայտարարեց, որ Նարեկ Սարգսյանը համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքին, ընդունում է դրանք, գիտակցում է միջնորդության բնույթն ու հետեւանքները եւ այն ներկայացնում է կամավոր, պաշտպանների հետ խորհրդակցելուց հետո։ Դատավորի հարցին ի պատասխան՝ Նարեկ Սարգսյանը եւս պնդեց միջնորդությունը՝ հավելելով, որ իրեն պարզաբանված են դատական քննության այդ կարգի առանձնահատկությունները, իր իրավունքներն ու պարտականությունները։ Դրանք պարզաբանեց նաեւ դատավորը։
Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 375․1 հոդվածի համաձայն՝ մեղադրյալն արագացված դատական քննության կարգ կիրառելու միջնորդությամբ հանդես գալու իրավունք ունի, եթե համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքին։ Այդ դեպքում դատարանը քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարում, ուսումնասիրում է ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: Այս կարգը կարող է կիրառվել, եթե մեղսագրվող հանցագործությունների համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը, իսկ կայացված դատավճիռը հետագայում ենթակա չէ բողոքարկման։
Միջնորդության ներկայացումից հետո դատավորն առաջարկեց, որ մեղադրող դատախազը հրապարակի մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որից հետո դիրքորոշում կհայտնի միջնորդության վերաբերյալ։
Նարեկ Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին, 268-րդ հոդվածի 3-րդ եւ 38-131-րդ հոդվածի 2-րդ մասերով՝ ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության սպառնալիքով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ անձի առեւանգումը կազմակերպելու համար, որն իրականացվել է շահադիտական նպատակներով։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում եւ ժամանակահատվածում անհայտ անձից ապօրինի կերպով ձեռք է բերել եւ Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում պահել ատրճանակներ եւ ռազմամթերք հանդիսացող 168 հատ տարբեր տրամաչափի ակոսափող հրազենի փամփուշտներ։ Այնուհետև դրանք թաքցնելով պայուսակների մեջ՝ ապօրինի կերպով այլ վայրում պահելու համար խնդրել է առանց մեղքի գործող, Նարեկ Սարգսյանի հանցավոր մտադրություններից անտեղյակ Արտեմ Հայրապետի Պետրոսյանին պայուսակները փոխադրել եւ պահել իր կողմից նախապես վարձակալած՝ Երևան քաղաքի Արամի փողոցի բնակարաններից մեկում։ Արտեմ Պետրոսյանի միջոցով եւ Վլադիմիր Շահինյանցի եւ Սերոբ Սահակյանի կողմից դրանք այդ բնակարան փոխադրելու ընթացքում 2018 թվականի հունիսի 25-ին հայտնաբերվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Նույն ժամանակահատվածում Նարեկ Սարգսյանը գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակով անհայտ անձից ապօրինի ձեռք է բերել եւ իրեն պատկանող բնակարանում ապօրինի պահել է 0,1 գրամ խոշոր չափի թմրամիջոցներ, որոնք փոխադրելու խնդրանքով եւս դիմել է հանցավոր մտադրություններից անտեղյակ Արտեմ Հայրապետի Պետրոսյանին։ Նույն օրը նույն անձանց հետ փոխադրումը իրականացնելիս նրանք հայտնաբերվել են ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Դրանից բացի, Նարեկ Սարգսյանը գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակով, անհայտ անձից ապօրինի ձեռք է բերել և Երևան քաղաքի Արտաշատի խճուղիում գտնվող իր աշխատասենյակի <> գրառմամբ չհրկիզվող պահարանում առկա դարչնավուն երանգի, թղթյա փաթեթի մեջ գտնվող, կաշվե պատյանին նմանվող առարկայի մեջ առկա սև գույնի կափարիչով, դարչնավուն երանգի, թափանցիկ, ապակյա տարայի մեջ ապօրինի պահել է խոշոր չափերի 0,031 գրամ մաքուր քաշով կոկային տեսակի թմրամիջոց, գլանաձև առարկա, ինչպես նաև կոկոյին տեսակի թմրամիջոցի հետքերով մետաղական կառուցվածքի, ուղանկյունաձև առարկա, որոնք 2018 թվականի հուլիսի 4-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Վերոգրյալից բացի, նա նախնական համաձայնությամբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ, շահադիտական դրդումներով կազմակերպել եւ ղեկավարել է կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով սպառնալիքով, ինչպես նաև որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ զուգորդված անձի առևանգումը:
Այնուհետեւ մեղադրող դատախազը կարծիք հայտնեց, որ արագացված դատաքննության անցնելու համար պետք է լսել տուժող կողմի դիրքորոշումը, իսկ վերջինս այսօրվա նիստին ներկա չէր, ուստի դատախազը միջնորդեց այդ հիմքով հետաձգել նիստը, եւ դատարանը բավարարեց միջնորդությունը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին։
armtimes.com