Երբ տղաները պատրաստվում էին գնալ դիրքեր, նայում էի նրանց ու մտածում՝ ով հետ կգա. Գայանե Սահակովա
Քայլում ենք մի սենյակի ուղղությամբ, որտեղից վառարանի ծխի հոտ է գալիս, մտածում եմ՝ վերջապես կտաքանանք: Մտնում եմ սենյակ ու նայում շուրջս, բոլորը կանայք են, վառարան են տեղադրում: Կանայք, ովքեր պատերազմի ամբողջ ընթացքում իրենց վստահված տեղում աներեր կանգնեցին: Վառարան տեղադրելը ամենահեշտ գործն էր այն բոլորից, որոնք այս կանայք արել էին մարտական գործողությունների ամբողջ ընթացքում: Կապի հանգույցի պետ, գաղտնի մասի պետ, կադրերի գծով տեսուչ. այո, այս պաշտոնները վստահված են կանանց: Աչքերս գտնում են նրանցից ամենաերիտասարդին, որը տարբերվում էր մնացածից թե՛ արտաքինով, թե՛ իր հանգստությամբ. զինվորական համազգեստով էր, բայց վստահ էի՝ զինվորական չէր:
Գայանե Սահակովան մանկաբույժ է, կատակում եմ, թե երկու պատերազմի է արդեն մասնակցել: Որպես կամավոր աշխատել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում՝ կորոնավիրուսով հիվանդներին օգնելու համար, իսկ իրական պատերազմ սկսելուն պես, բժշկուհին միաժամանակ թողնելով 2 աշխատանքն էլ, կամավոր մեկնել է ռազմաճակատ: Պատերազմի առաջին օրից եղել է զինվորի կողքին՝ Մատաղիսում, Մաղավուզում, Եղնիկներում՝ մասնագիտական առաքելությունն է իրականացրել: Բժշկուհին խոստովանում է, որ երբեմն վախեր ունեցել է. դժվար էր աշխատել կրակոցների տակ, որը նախկինում երբեք չէր լսել:
-Շատ-շատ էի վախենում, երբ տղաները պատրաստվում էին գնալ դիրքեր, նայում էի նրանց ու մտածում՝ ով հետ կգա: Եղան հետ չեկողներ, նրանց վերջին հայացքն աչքերիս առաջ է դեռ:
Բժշկուհին հիշում է իր առաջին վիրավորին, մեջքից լուրջ վիրավորում էր ստացել, ասում է՝ շատ կուզենայի իմանալ ինչպես է: Վերջինիս խոսքով վիրավորների հետ աշխատելիս փորձում էր վախն ու խուճապը թողնել մի կողմ. իրեն էր վստահված այդ պատասխանատու գործը, ուրեմն պե՛տք է աներ:
– Թիկունքի շնորհիվ մենք չենք ունեցել դեղորայքի պակաս: Երբ մասնագետը ձեռքի տակ ունենում է անհրաժեշտ պարագաներ, դա շատ է օգնում, որ խուճապի չմատնվի:
Այն վիրավորներից, որոնց բժշկուհին իրենց գումարտակի բժշկի հետ օգնություն է ցույց տվել, բարեբախտաբար զոհեր չեն եղել: Ծանր վիրավորները միանգամից տեղափոխվում էին հոսպիտալներ ու հիվանդանոցներ: Բժշկուհու խոսքով իրենց գումարտակի նույնիսկ լուրջ վիրավորում ստացած տղաները նորից վերադարձել են շարք: Մատաղիսում 1 զոհ են տվել, 9 վիրավոր, Գյուլասազում՝ 27 զոհ, 30-ից ավելի վիրավոր:
-Գալուց առաջ ես պատկերացնում էի, որ աշխատելու եմ պայթյունների տակ, ինքս ինձ պատրաստել էի, որ հնարավոր է զոհվի իմ ամենամոտ հարազատը, վիրավորը մահանա ձեռքերիս մեջ, ես հոգեպես պատրաստ եմ եղել դրանց: Բայց կար մի բան, որի դեմ անզոր էի ես ու դեղորայքը:
Բժշկուհին նկատի է ունենում պատերազմի ավարտը, ձայնը դողում է, բայց աչքերում արցունք չկա:
-Ինքս ինձ խոստացել էի վիրավորների հետ աշխատելիս լաց չլինել, տղաները կատակում էին, թե քարից եմ: Ես արցունքներս պահել էի ուրախության համար: Ցավոք ես լաց եղա ոչ ուրախությունից: Բայց մենք գնում ենք պատրաստվելու հաջորդ պատերազմին:
Վառարանը արդեն տեղադրած էր, սուրճի բույրն էր գալիս, իսկ մեր զրույցի ընթացքում անվերջ խոսող կանայք լուռ էին…
Բրյան Լիանա
www.banak.info