Վարչապետի մոտ քննարկվել են արցախցիների խնդիրների լուծման աշխատանքներն ու առաջիկա քայլերը

Arcakh

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության անդամներն ու այլ գերատեսչությունների ղեկավարներ:

Խորհրդակցությունը սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատերազմում զոհված հայորդների:

Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է քննարկել պատերազմի ընթացքում Արցախից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների հետ կապված հարցերը: «Մասնավորապես, պետք է քննարկենք, թե աջակցության ինչ ծրագրեր ենք իրականացնելու նրանց համար: Բայց նաև պետք է արձանագրենք, որ մեզ համար առաջնային խնդիր է, որպեսզի նրանք այդ աջակցությունը ստանան Արցախում: Այսինքն, դա պետք է լինի ծրագիր, որը նպաստում է մեր հայրենակիցների՝ Արցախ վերադառնալու գործընթացին: Այս առումով, նախ եկեք արձանագրենք, թե այս ընթացքում մենք ինչ ենք արել, ինչով ենք աջակցել նրանց և առաջիկայում ինչպիսի ծրագրեր ենք նախատեսում, ինչպես ենք իրականացնելու այդ ծրագրերը»,- նշել է վարչապետը:

Պատասխանատուները զեկուցել են, որ պատերազմի առաջին օրերին Արցախի մեր հայրենակիցներին աջակցության աշխատանքները կազմակերպելու գործընթացը շուրջօրյա ռեժիմով իրականացվել է վարչապետի աշխատակազմի անմիջական համակարգմամբ Արցախի Հանրապետության գործընկերների հետ սերտ համագործակցությամբ: Ներգրաված են եղել նաև կամավորական խմբեր, որոնք գործել են ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում: Աշխատանքներն ուղղված են եղել կացարանի, սննդի ապահովմանը, արցախցի երեխաների կրթական, առողջապահական և այլ խնդիրների լուծմանը: Հայաստան տեղափոխված բոլոր արցախցիների սննդի և առաջնային անհրաժեշտության պարագաների, ինչպես նաև հագուստի ապահովումն իրականացվել է նվիրատվությունների, այնպես էլ պետական միջոցների հաշվին:

Նշվել է, որ Հայաստան տեղափոխվածների մի մասն այս օրերին տեղավորվել է ինչպես առանձին անհատների բնակարաններում, պետական սեփականություն հանդիսացող տարբեր հաստատություններում, այնպես էլ հյուրանոցներում, հյուրատներում: Կառավարությունը նախատեսում է առաջիկայում իրականացնել վերջիններիս կոմունալ վճարների աջակցության միջոցառում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ընդգծել է, որ այս օրերի ընթացքում որևէ արցախցի գեթ մեկ գիշեր առանց կացարանի չի մնացել:

Այնուհետև անդրադարձ է կատարվել արցախցիների՝ իրենց հայրենի բնակավայրեր վերադառնալու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների, բնակֆոնդի վերականգնման աշխատանքների կազմակերպմանը, սոցիալական աջակցության միջոցառումների իրականացմանն ու այլ խնդիրների գույքագրմանը:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է սեղմ ժամկետում Արցախի կառավարության հետ ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի վերը նշված հարցերով և կառաջարկի խնդիրների լուծման համապատասխան առաջարկություններ: Ամենշաբաթյա գրաֆիկով աշխատանքների ընթացքի մասին կզեկուցվի վարչապետին:

Ձեզ կեհաքրքրի...