Ահաբեկիչներին կարող են ոչնչացնել նաեւ բուն Ադրբեջանի տարածքում. Թուրքիան արդեն մտել է Ադրբեջան

Babayan

 Թուրքիան, դիրքավորվելով Ադրբեջանում ու Սիրիայից եւ Աֆղանստանից բերելով վարձկան ահաբեկիչների՝ ամենեւին էլ չի կենտրոնանում միայն «Ադրբեջանին Արցախի գրավման հարցում» աջակցելու խնդրի լուծման վրա: Նրա իսկ սադրանքով սանձազերծված այս պատերազմը սոսկ առիթ է՝ ահաբեկիչներին նետելու ոչ միայն Ադրբեջանի խորքերը, այլեւ Ռուսաստան ու Իրան, եւ հայկական կողմի՝ դրա վերաբերյալ ժամանակին կատարված զգուշացումներն արդեն հաստատվել են: Այդ եւ հարակից հարցերի մասին է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի զրույցն Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ:

– Պրն Բաբայան, ինչպե՞ս եք գնահատում վարձկան ահաբեկիչների՝ Ադրբեջան ներթափանցման ծավալներն այսօրվա դրությամբ: Արդյոք նրանց հայտնվելը Հարավային Կովկասում առնչվո՞ւմ է միայն արցախյան հիմնախնդրի հետ:

– Ահաբեկիչների ներթափանցումը շատ-շատ լուրջ է: Ըստ մեր տվյալների՝ խոսքն արդեն մի քանի հազար ահաբեկչի մասին է, որոնք Թուրքիայի միջոցով տեղափոխվել են Ադրբեջան: Բայց ոչ բոլորն են մասնակցում Արցախի դեմ պատերազմին: Նրանք բաժանված են չորս մասի. մի մասն այստեղ է, մյուսը տեղակայված է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին, երրորդը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանին, չորրորդ մասն էլ երկրի ներսում հաստատվել է տարբեր վայրերում, որ եթե հանկարծ ներքին դժգոհություններ լինեն, իսկ մենք տեսնում ենք, որ ադրբեջանցի մեծաքանակ զոհերի ու վիրավորների պատճառով ներքին դժգոհությունները հասունանում են երկրաչափական պրոգրեսիայով, խեղդվեն: Այսինքն՝ վարձկանները պետք է ճնշեն նաեւ ներքին խռովությունները:

Տեսնում ենք, որ ահաբեկիչներն արդեն ներթափանցել են Ռուսաստանի տարածք: Ի սկզբանե զգուշացրել էինք, որ վարձկանների մի մասը տեղակայված է Դաղստանի սահմանին, եւ ներթափանցումն այդ երկրի տարածք չի բացառվում: Դրանից հետո դա իրականություն դարձավ: Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը պաշտոնապես հայտարարել է այդ մասին: Նրանք, ըստ հրապարակված տեղեկությունների, հասել են Չեչնիա, որտեղ 4 ահաբեկչի արդեն ոչնչացրել են: Մյուս խումբը մտել էր Վոլգոգրադ, որտեղ ահաբեկչական գործողություններ էին պլանավորված. իսլամիստները ծրագրում էին պայթեցնել կառավարական շենքեր, զինվորականների հանրակացարաններ, արտադրական շինություններ եւ Ռուսաստանի պատմական հուշարձաններից մեկը՝ «Մայր Հայրենիքը»: Արդեն պարզ է, որ ահաբեկիչները Ռուսաստանում հայտնվել են Ադրբեջանից, իսկ այդ երկիր նրանց տեղափոխել էր Թուրքիան՝ հավաքագրելով Սիրիայից: Այս ամենը ցույց է տալիս, որ նաեւ հարակից պետություններն են մտահոգված: Եվ ոչ միայն մտահոգված են, այլեւ իրենց տարածքներում ոչնչացնում են ահաբեկիչներին: Չի բացառվում, որ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ նույն այդ հարակից պետություններն ահաբեկիչներին ոչնչացնեն բուն Ադրբեջանի տարածքում: Եվ ինձ թվում է, որ ամեն ինչ դրան է տանում:

-Կխնդրեի մանրամասնել ահաբեկիչների՝ Իրան ներթափանցման վերաբերյալ լուրերը:

-Իրանական կողմն ահաբեկիչների թիրախներից մեկն է: Տեղյակ եք, որ Թուրքիայի, Ադրբեջանի ու ահաբեկիչների թիրախներից մեկն Արաքս գետի վրա կառուցված ջրամբարի խոցումն է: Այն կառուցվել է Իրանի կողմից եւ հիմնականում սպասարկում է այդ երկրի կարիքները, քանի որ Հյուսիսային Իրանը, փաստորեն, էկոլոգիական աղետի մեջ է: Հիշյալ ջրամբարը որոշակիորեն օգնում է, կարելի է ասել՝ այդ տարածքի փրկության միակ աղբյուրն է: Հիմա Թուրքիան, ահաբեկիչներն ու Ադրբեջանն ուզում են այդ տարածքը վերցնել: Եվ ձգտում են դա անել վարձկանների միջոցով: Ավելին՝ ահաբեկիչները, ամենայն հավանականությամբ, արդեն ներթափանցել են Իրանի տարածք: Դա չի կարող չանհանգստացնել Իրանին: Ինչպես տեսնում ենք, սա լուրջ խնդիր է, որն արդեն նոր որակ է հաղորդում նաեւ այլ երկրների մտահոգություններին եւ նրանց կողմից ձեռնարկվող քայլերին:

-Իրանի իշխանությունների պաշտոնական արձագանքն արդեն հայտնի՞ է:

– Չպետք է սպասել պաշտոնական արձագանքին: Ավելի քան վստահ եմ, որ արդեն իսկ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ:

– Ինչի՞ է ձգտում Թուրքիան՝ խառնաշփոթ ստեղծելով ոչ միայն տարածաշրջանում, այլեւ հարեւան գրեթե բոլոր երկրներում: Սկզբնական շրջանում «հարեւանների հետ ոչ մի խնդիր» սկզբունքը որդեգրած Թուրքիան այսօր բոլորի հետ խնդիրներ ունի: Ավելին՝ ոչ միայն հարեւանների հետ:

– Թուրքիան ունի պայքարի շատ հարուստ փորձ, երբ գտնվում է նման ծանր ու բազմաշերտ արկածախնդրության մեջ: Չպետք է թերագնահատենք նրան: Նպատակներից մեկը հայկական պետականության թուլացումն է: Հաջորդը՝ աջակցումը Ադրբեջանին, որտեղ հաստատվելով՝ Թուրքիան առաջին քայլն է կատարում իր պանթուրանական երազանքի իրականացման ճանապարհին: Հավանաբար, հենց այդ պատճառով նրանք հարկ չեն համարել որեւէ մեկին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, որոնց դաշնակիցն է, տեղյակ պահել իրենց գործողությունների մասին: Թուրքիան արդեն մտել է Ադրբեջան եւ այնտեղից դուրս չի գա սեփական կամքով:

Զրույցը վարեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

Ձեզ կեհաքրքրի...