Այս իրավիճակում պատշաճ արձագանքը միջազգային հանրությաւն կողմից ԼՂ-ի անկախության ճանաչումն է. Նիկոլ Փաշինյանը՝ Tv5Monde-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Tv5Monde հեռուսաալիքին, որը ներկայացնում ենք ստորև.
Tv5Monde – Արդեն 12 օր է, ինչ շարունակվում են բախումներն Ադրբեջանի զինված ուժերի և Հայաստանի կողմից սատարվող Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի միջև: Հատուկ հարցազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Բարի երեկո պարոն վարչապետ, շնորհակալություն Հայաստանի մայրաքաղաք Երևանից ուղիղ եթերում մեզ հարցազրույց տալու համար: Առաջին հարցս. բոլորն ուզում են իմանալ 12 օր մարտերից հետո արդյոք այս երեկո Ղարաբաղում հրադադարի կոչ եք արել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, այս երկու օրերի իրադարձություններից հետո իրականում միջազգային հանրությանը և եվրոպական հանրությանը կոչն այլ բանի մասին է: Ես կարծում եմ, որ տեղի է ունեցել հետևյալը՝ Ադրբեջանը սկսել է հարձակում, լայնածավալ պատերազմ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և այս պատերազմը սկսել է Թուրքիայի քաջալերմամբ և անմիջական մասնակցությամբ: Թուրքիան նաև Սիրիայից վարձկաններ և ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան, որպեսզի նրանք Ադրբեջանի կողմից պատերազմեն Ղարաբաղի դեմ: Եվ հիմա այս պահին Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, ցեղասպանության վտանգի առաջ և առերեսվում է ահաբեկչական հարձակման հետ: Այսօր խաղաղ քաղաքները, քաղաքացիական ենթակառուցվածքները, ներառյալ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը հրթիռակոծվում են ըստ էության շուրջօրյա: Եվ այս իրավիճակում, երբ Ղարաբաղը կանգնած է հումանիտար ճգնաժամի և ցեղասպանության վտանգի առաջ, իմ կոչն այն է, որ նախ եվրոպական հանրությունը, միջազգային հանրությունը դապարտի ադրբեջանաթուրքաահաբեկչական հարձակումը:
Tv5Monde – Շատ սպասված բառ, ցեղասպանություն: Ցեղասպանությունը մարդկանց մեթոդաբար ոչնչացումն է: Արդյոք Դուք ունեք ապացույցներ, որ նմա բան է պլանավորվում, որովհետև Թուրքիային եք մեղադրում դրանում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, այն ինչ տեղի է ունենում հիմա Ղարաբաղում հենց դրա վկայությունն է, որովհետև ի՞նչ է նշանակում, իսկ ինչի՞ համար են եկել ահաբեկիչները Ղարաբաղ, իսկ ինչի՞ համար են շուրջօրյա հրթիռակոծվում խաղաղ բնակավայրերը: Եվ ես ասում եմ, որ հարյուր տարի անց Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս շարունակելու հայ ժողովրդի ցեղասպանության քաղաքականությունը: Ընդ որում, ինձ համար ակնհայտ է, որ դա ունի կոնկրետ աշխարհաքաղաքական պատճառ, որովհետև Հարավային Կովկասի հայերը Թուրքիայի ճանապարհի վերջին խոչընդոտն են շարունակելու էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք:
Եվ սա պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում Հունաստանի նկատմամբ, Կիպրոսի նկատմամբ, այն քաղաքականության, որ վարում է Լիբիայում, Սիրիայում, Իրաքում և սա թուրքական կայսրությունը վերականգնելու քաղաքականություն է: Եվ ըստ էության ես համոզված եմ, որ հենց այս հարցն է լուծվում Հարավային Կովկասում: Եվ բոլոր եվրոպական լրատվամիջոցներին հարցազրույց տալիս ասում եմ, որ եթե Եվրոպան, միջազգային հանրությունն այս իրավիճակին չվերաբերվի անհրաժեշտ լրջությամբ, հարկ է ոչ հեռավոր ապագայում Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում: Եվ ավարտելով առաջին հարցին ի պատասխան իմ զարգացրած միտքը՝ ուզում եմ ասել, որ այս իրավիճակում պատշաճ արձագանքը կլինի այն, որ եվրոպական երկրները, միջազգային հանրությունը և կոնկրետ երկրները իրենց մեջ ուժ գտնեն և վճռական քայլ անեն ու ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Tv5Monde – Պարոն Փաշինյան վերջին օրերին Դուք հետուստատեսությամբ երևում էիք զինվորական համազգեստով: Արդյոք դուք ներկա պահին գերագույն հրամանատար եք դարձել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Գիտեք Հայաստանում ռազմական դրություն է հայտարարված և ռազմական դրության ժամանակ երկրի վարչապետն ունի որոշակի պարտականություններ: Եվ երբ ձեր նշած հագուստով էի եղել, ես այցելել էի Լեռնային Ղարաբաղ՝ ռազմական գործողությունների գոտի և անտրամաբանական կլիներ ռազմական գործողությունների գոտի մեկնել կոստյում-փողկապով: Ասեմ, որ դա զինվորական հագուստ չէ, դա քաղաքացիական դաշտային հագուստ է:
Tv5Monde – Դուք խոսեցիք Թուրքիայի մասին պարոն վարչապետ: Տարածաշրջանում մեկ նայլ մեծ դերակատար էլ կա, խսոքը Ռուսաստանի մասին է, ով առանձնահատուկ հարաբերություններ ունի Հայաստանի, բայց նաև Ադրբեջանի հետ: Նրանց համար Վլադիմիր Պուտինը դժվար հասանելի է, բայց Ձեզ հետ կապի մեջ է: Ի՞նչ եք Դուք խնդրել Ռուսաստանի նախագահից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ մենք մշտական կապի մեջ ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ և Ռուսաստանն այստեղ մի քանի դերակատարում ունի: Նախ առաջինը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող երկիր է, և երկրորդը՝ Ռուսաստանն ունի որոշակի անվտանգային պարտավորություններ: Հայաստանը և Ռուսաստանն ունեն անվտանգային ոլորոտում ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ: Այս առումով, Ռուսաստանն անվտանգային որոշակի պարտավորություններ ունի Հայաստանի Հանրապետության նկատմամբ և երեկ էլ Ռուսաստանի Դաշնության նախագահը հրապարակային հայտարարեց, որ Ռուսաստանն ըստ անհրաժեշտության իր անվտանգային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ կկատարի:
Tv5Monde – Ադրբեջանն ու իր դաշնակից Թուրքիան, պարոն վարչապետ, հղում անելով միջազգային իրավունքին՝ նշում են ՄԱԿ-ի բանաձևերը: Այդ երկու երկրները խոսում են ձեր կողմից Լեռնային Ղարաբաղն օկուպացնելու մասին: Ի՞նչպես կպատասխանեք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կրկին մենք հանգում ենք մի իրավիճակի, երբ շատերը խոսում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մինչև 1993 թվականին ընդունված բանաձևերի մասին, բայց ոչ բոլորն են, որ ուշադիր կարդացել են, թե ինչ է գրված այդ բանաձևերում: Այդ բանաձևերում գրված է, որ Ադրբեջանը խախտելով զինադադարի միջազգային պայմանավորվածությունը, դրա արդյունքում ունեցել է տարածքային կորուստներ, որովհետև Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը ստիպված են եղել պաշտպանվել, այսինքն, արձագանքել հրադադարի այդ խախտմանը: Շատերն ասում են, մեջբերում են Հայաստանին այդ համատեքստում, բայց Հայաստանի ներգրավվածության մասին անվտանգության խորհրդի բանաձևերում որևէ բան գրված չէ: Ես էլի ուզում եմ ընդգծել, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերն ընդունվել են 1993 թվականին, շատ կոնկրետ օպերատիվ իրավիճակում և վերաբերվել են հենց այդ կոնկրետ օպերատիվ իրավիճակին: Իսկ դրանից հետո տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային ֆորմատի հիմնադրում և ԵԱՀԿ Մինսկի համանախագահության մասին է խոսքը, որը որոշակի բանաձև է առաջարկել, աշխատանք է իրականացրել հարցի կարգավորմանը հասնելու համար:
Tv5Monde – Պարոն վարչապետ, այսօր Ժնևում սկսվել են քննարկումներ ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբի շրջանակում, որտեղ ներգրավված է նաև Ֆրանսիան: Պետք է նշեմ նաև, որ Հայաստանն էլ իր հերթին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է: Եվ Ֆրանկոֆոնիայի վերջին գագաթնաժողովն էլ տեղի է ունեցել Ձեզ մոտ՝ Երևանում, Հայաստանում: Ի՞նչ սպասելիքներ ունեք Դուք նախագահ Մակրոնից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես նախ ուզում եմ ընդգծել՝ հայ ժողովրդի և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի գոհունակությունը Ֆրանսիայի նախագահի անկեղծ և շիտակ, ճշմարտության վրա հիմնված դիրքորոշումների առիթով: Կարող եմ ուղիղ ասել՝ ակնկալում եմ, որ Ֆրանսիայի նախագահը և Ֆրանսիան ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև այն մտահոգությունները, որ Էմանուել Մակրոնը բարձրացրել է, այսօրվա իրավիճակում այդ մտահոգությունները լուծելու այլ տարբերակ ուղղակի չկա, որովհետև սա կարող է վերածվել մի մեծ հումանիտար աղետի: Բայց, որը նաև իր ահաբեկչական ճառագայթները և իր ահաբեկչական ալիքները կարող է տարածել մեր տարածաշրջանում ավելի լայն իմաստով: Եվ իհարկե, սա ուղիղ սպառնալիք է գլոբալ անվտանգությանը՝ հաշվի առնելով Թուրքիայի գործոնը և քաղաքականությունը: Իմ ակնկալիքն իրոք այն է, որ Ֆրանսիան ուղղակի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Tv5Monde – Շնորհակալություն հարցազրույցի համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես եմ շնորհակալ: